Ի՞նչ հետևանք կունենա Հայաստանի սահմանների փակումը, հնարավո՞ր է որոշ ապրանքների դեֆիցիտ առաջանա և կորոնավիրուսով պայմանավորված՝ հիմնականում ո՞ր ոլորտները կտուժեն: Այս և այլ հարցերի Yerevan.Today-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արթուր Խաչատրյանը:
Մեր զրուցակցի խոսքով, սահմանների փակումը նաև սահմանափակում է տեղաշարժը, ինչն էլ նվազեցնում է տուրզմի հոսքը երկիր. «Նախորդ տարի մենք մոտ 1,8-9 մլն տուրիստ ենք ունեցել, ինչը նախորդ տարվա համեմատ 10-14 տոկոս ավելի է եղել: Ճիշտ է՝ համեմատած 2017 թվականի հետ, աճը դանդաղել էր, որովհետև այն ժամանակ գրեթե 20 տոկոս էր, բայց 2019-ին տուրիստական էական հոսք ունեինք: Երբ հիմա սահմանները փակվեցին, կզրկվենք տուրիստական հոսքից՝ դրանցից բխող բոլոր հետևանքներով՝ հյուրանոցներ, սրճարաններ, զվարճանքի օբյեկտներ և այլն»:
Իսկ օբյեկտիվ գնահատել իրավիճակի ազդեցությունն այս պահին, Արթուր Խաչատրյանի խոսքով, հնարավոր չէ, որովհետև հայտնի չէ, թե կորոնավիրուսի հետ կապված դեպքերն ինչպես կզարգանան:
Ամեն դեպքում, ստեղծված իրավիճակը, ինչպես նշում է տնտեսագետը, վտանգավոր է ավիաընկերությունների, փոխադրողների, ինչպես նաև օդանավակայանի համար. «Օրինակ, Բլումբերգը նշում է, որ «Կորպորասիոն Ամերիկան», որը կառավարում է Շիրակ և Զվարթնոց օդանավակայանները, արժեթղթերի մոտ 30 տոկոսով անկում է ունեցել: Իսկ ապրանքների տեղափոխումը կարող է որոշակի դժվարություններ բերել ապրանքների մատակարարման հարցում: Ճգնաժամային պայմաններ են, և որոշակի ապրանքատեսակների պահանջարկը մեծացել է այն պարզ պատճառով, որ մարդիկ անորոշությունից չգիտեն՝ ինչ կարող է լինել, կամ նախընտրում են 10 օրվա ալյուր ու շաքարավազ գնել և ապահովության համար տանը մնալ»:
Ինչ վերաբերում է հնարավոր գնաճին, և այն հանգամանքին, թե որ ապրանքները կթանկանան և արդյո՞ք այդ գնաճը շարունակական կլինի, Խաչատրյանը պատասխանեց. «Ցանկացած ապրանքի վրա կարող է ազդել՝ ալյուր, շաքար, հիգիենայի պարագաներ: Բայց չեմ կարծում, որ դա շարունակական լինի, որովհետև նույն բժշկական դիմակները 2-3 ամիս առաջ վաճառվում էին 30 դրամով, այսօր 150-200 դրամ արժեն, և եթե վիրուսն անցնի, գները կընկնեն: Չնայած փորձը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ գներն ընկանում են, չեն վերադառնում նախնական մակարդակին»:
Այսպիսի իրավիճակում, երբ ամբողջ աշխարհն է կանգնած տնտեսական լուրջ խնդիրների առջև, ինչպե՞ս ենք կարողանում դիմակայել մենք և արդյոք կարողացե՞լ էինք վերականգնվել 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո, մեր զրուցակիցն ասաց. «Ամբողջ խնդիրն այն է, որ մեր տնտեսության այսօրվա կառուցվածքը և 2008 թվականինը ոչնչով չեն տարբերվում միմյանցից: Դարձյալ հույսներս դրել ենք հանքանյութի արտահանման վրա, այն ժամանակ էլ պղնձի գներն էականորեն ընկան, մենք ունեցանք արտահանումների նվազում, հիմա էլ պղնձի գները սարսափելի ընկել են, ունենք արտահանումների նվազում, ռուսական շուկայում ունենք խնդիրներ: Դրա համար բազում անգամներ առիթ եմ ունեցել ասելու, որ տնտեսական հեղափոխությունը կլիներ տնտեսության կառուցվածքի փոփոխությունը և տնտեսության ճգնաժամադիմադրողականության բարձրացումը: Դա մեկ օրվա չէ, բայց քայլերը, որոնք կբերեին արտադրության, արդյունաբերության կառուցվածքի փոփոխության, ես չեմ տեսնում: Պետությունը նաև ինքը պետք է քայլեր ձեռնարկի»:
Հարցին՝ չե՞ն երևում այդ քայլերը կառավարության կողմից, Արթուր Խաչատրյանը նշեց. «Ես չեմ տեսել, օրինակ, կենտրոնական բանակը 0,25 տոկոսով գցեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ճիշտ քայլ էր, բայց կարելի էր մի քիչ ավելի շատ գցել, որպեսզի դրամն ավելի հասանելի դառնա: Շատ երկրների կենտրոնական բանկեր միլիարդների պարտատոմսեր են գնում, շուկա փող են մտցնում, կառավարությունները նույնպես քայլեր են ձեռնարկում, որպեսզի կարողանան իրենց բնակչության բեռը թեթևացնեն, պետական վարկեր են տրամադրվում ընկերություններին, պետական երաշխիքներ են տրամադրվում, թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի շատ աշխատողներին փոխհատուցում են տալիս: Ճգնաժամային պայմաններում պետական միջամտությունը շատ ավելի ակտիվ պետք է լինի»:
Էմմա Հովսեփյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը