05 03 2020

Գործադիրն աճուրդի է հանում «Երվերելակ»-ը․ մեկնարկային գինը՝ 100 մլն դրամ

Գործադիրն աճուրդի է հանում «Երվերելակ»-ը․ մեկնարկային գինը՝ 100 մլն դրամ

ՀՀ կառավարությունը մարտի 5-ի իր նիստում որոշում է կայացրել թույլատրել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին իր ենթակայության` 109,49 մլն դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երվերելակ» ՓԲԸ-ի (գտնվելու վայրը` ք. Երեւան, Մասիսի նրբ. 13) 100 տոկոս պետական բաժնետոմսերը (1364 հատ, յուրաքանչույրը 4427 դրամ անվանական արժեքով)  մասնավորեցնել դասական աճուրդով:

Որոշմամբ սահմանվեց, որ ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը եւ մեկնարկային գինը 100 299,385 հազար դրամ է:

 Ընկերության պարտավորությունները 2019թ․ հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 9 975,6 հազ.դրամ:

Գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի:

Ընկերությունը սկսած 2014թ. գործունեություն չի իրականացնում: Ընկերությունում հաշվառվում է երկու հաստիքային աշխատող՝ տնօրեն եւ գլխավոր հաշվապահ ½ դրույքաչափով:

Ընկերության բաժնետոմսերը ՀՀ կառավարության 14.06.2012թ. թիվ 746-Ա, 13.09.2013թ. թիվ 987-Ա եւ 30.03.2017թ. թիվ 324-Ա որոշումներով համապատասխանաբար 257 809 հազ. դրամ, 175 882 հազ. դրամ եւ 94 009 հազ.դրամ արժեքներով ներկայացվել են մասնավորեցման: Մասնավորեցումը չի կայացել գնորդ չլինելու պատճառով:

Ընկերության պարտավորությունները 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 9 194,8 հազ. դրամ. այդ թվում՝

1) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի եւ աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով՝ 4 308,9 հազ. դրամ.

2) կարճաժամկետ կրեդիտորական պարտք ՀՀ պետական բյուջեին՝ 3 394,0 հազ. դրամ.

3) այլ կրեդիտորական պարտքեր 1 491,9 հազ. դրամ:

Նախագծով առաջարկվում է կրկին անգամ ընկերության 100 տոկոս պետական բաժնեմասը ներկայացնել մասնավորեցման` աճուրդային եղանակով, բաժնետոմսերի վաճառքի մեկնարկային գին սահմանելով գնահատված արժեքը` 100 299 385 դրամ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ