Վանաձորում կայացել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերի իրազեկմանը նվիրված հանդիպում Լոռու մարզի համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ ոլորտի գյուղոլորտի պատասխանատուներ: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Լոռու մարզի համայնքների ղեկավարներին և ֆերմերներին ներկայացվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը և կարևորել այն հանգամանքը, որ ներկայում պետական աջակցությունը գյուղացիական տնտեսություններին իրականացվում է ոչ միայն վարկերի սուբսիդավորման, այլև փոխհատուցման եղանակով։
Ծրագրերը բխում են ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարությունից, հայտնել են ոլորտի պատասխանատուները և հիշեցրել, որ որոշ ծրագրերում սահմանված են մի շարք արտոնյալ պայմաններ գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար:
Լոռու մարզի համայնքապետերն ու ֆերմերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել հատկապես անասնապահության ոլորտում գործող ծրագրերի հանդեպ։
Մասնակիցներին հորդորել են ցուցաբերել ակտիվ մասնակցություն այս ծրագրերին և լրացուցիչ հարցերի դեպքում դիմել գյուղատնտեսական խորհրդատվության վարչության Լոռու մարզային բաժնի աշխատակիցներին։
Իրազեկման արշավներն առաջիկայում կկազմակերպվեն նաև հանրապետության մյուս մարզերում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը