17 01 2020

Ի՞նչ ժամկետներում կարող է վերանայվել բնական գազի սակագինը. Սուրեն Պարսյան

Ի՞նչ ժամկետներում կարող է վերանայվել բնական գազի սակագինը. Սուրեն Պարսյան

«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ  Սուրեն Պարսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո` 90-օրյա ժամկետում:

Նույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո:

Այսինքն՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության բնական գազի սակագնի վերանայման հայտը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է քննարկել 90 օրվա ընթացքում, իսկ բնական գազի նոր սակագինը կգործի վերանայման որոշումը ընդունելուց հետո՝ մեկ ամիս կամ 30 օր հետո։ Եթե Հանձնաժողովը օգտվի օրենսդրությամբ տրված առավելագույն ժամկետներից (90+30=120 օր), ապա նոր սակագինը կարող է գործել 2020 թվականի հունիսի 1-ից հետո։

Սակայն ներկա իրավիճակում տնտեսական տեսանկյունից անիմաստ կլինի ձգձգել բնական գազի սակագնի վերանայման հայտի ընդունման որոշումը, քանի որ յուրաքանչյուր օր մեր գազամատակարարման համակարգը պարտք է կուտակում, որն ուղղակի կամ անուղղակի եղանակով մարելու է հայ սպառողը։ Բնական գազի նոր սակագնի հաշվարկման ժամանակ հաշվի կառնվի նաև 2019 թվականի ընթացքում 30 մլն ԱՄՆ դոլարից ավել կուտակված պարտքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ