Politik.am-ը գրում է․ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման սկիզբը դրվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին։ Այս մասին երեկ Pressing հաղորդաշարի ժամանակ խոսեց երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Համացանցում մի փոքր փնտրտուքի արդյունքում գտանք այդ իդարաձության սկզբը ներկայացնող պատմական կադրեր, որում նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը և «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահ Սեմ Սիմոնյանը ստորագրում են տեխնոլոգիական կենտրոնի հիմնադրման մասին փաստաթուղթը։
2000 թվականի սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած այս իրադարձության մասին պաշտոնական հաղորդագրությունում ասվում է․ «Նյու-Յորքում գտնվող նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 5-ին հանդիպել է «Իփիջի լեբզ/Epigi Labs/» ԱՄՆ ընկերության տնօրեն Սեմ Սիմոնյանի հետ: Հանդիպումից հետո ՀՀ կառավարության եւ «Իփիջի լեբզի» միջեւ ստորագրվել «Հայաստանում բարձր տեխնոլոգիաների բիզնեսի զարգացման արտասահմանյան ներդրման Իփիջի պարկ» համաձայնագիրը, որի նպատակը Հայաստանում համակարգչային եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառի մասնավոր հատվածի զարգացման խրախուսումն է:
Ծրագիրը, որ պետք է իրականացվի հինգ տարում մինչեւ 2005 թ./ եւ 20 մլն. ԱՄՆ դոլարի ներդրում է, նախատեսում է 1000 տեղանոց Ինտերնետ սրահի ստեղծում, էլեկտրոնային բիզնեսի ուսուցում, ուսանողների համար Ինտերնետի հենքով կրթական ծրագրեր, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում 500 աշխատատեղի ստեղծում»:
«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինարարական աշխատանքները սկսվել են նախագահ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին և ավարտվել են նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում։
Քոչարյանի իշխանության տարիներին այսպիսի մի քանի խոշոր ծրագրեր կյանքի կոչվեցին, որոնք աննախադեպ թափով առաջ մղեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեր երկրում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը