Հայաստանում 2020-ին սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիաի սակագինը կմնա նույնը` չնայած նրան, որ ատոմակայանի համար վերցված վարկի մայր գումարի վերադարձը կներառվի սակագնի հաշվարկներում: Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Հնարավոր եղավ 2020թ․ փետրվարի 1-ից գործող սակագների մակարդակում պահպանել սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիաի սակագինը: Ընդ որում, այս տարիների ընթացքում օպտիմալացումները որևէ դրական ազդեցություն չունեցան»,-ասաց Բաղրամյանը:
Նա հիշեցրեց` 2020-ի հունվարից արդեն սկսվում է Ատոմային էլեկտրակայանի համար ներգրավված վարկի մայր գումարի մարումը: Բաղրամյանը նկատեց` շատ ծանր տարի է, երբ առաջին անգամ պետք է ներառվի վարկի մայր գումարի մարումը: «Գործող սակագները նույն մակարդակում պահելով՝ այսօր սակագներում ներառել ենք շուրջ 21 մլն դոլարի վարկի վերադարձ, դա համարժեք է սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի 2 դրամին: Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և կառավարության հետ ունեցած քննարկումների արդյունքում կարողացանք ատոմակայանի աշխատանքային այնպիսի ռեժիմներ կազմակերպել 2020-ին, որ բալանսի առումով ունեցանք դրական արդյունքներ և կարողացանք այս վարկի մարումը նախատեսելով սակագնի հաշվարկներում, բարձրացման խնդիր առնվազն չդնել»,-ասաց Բաղրամյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը