16 12 2019

ՀՀ միջազգային պահուստների մակարդակն աննախադեպ է. ԿԲ

ՀՀ միջազգային պահուստների մակարդակն աննախադեպ է. ԿԲ

ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 168.am կայքի կողմից հրապարակված «Հայաստանի միջազգային պահուստներն այլևս աննախադեպ չեն. Ինչ կատարվեց Նիկոլ Փաշինյանի գրառումից մի քանի օր անց» վերտառությամբ հոդվածը մասնագիտական հիմնավորում չունի: ՀՀ միջազգային պահուստների մակարդակն իսկապես աննախադեպ է և տվյալ նվազումը բնականոն սեզոնային բնույթի է: Ինչպես նախկինում նշվել էր՝ սխալ է պահուստների վերաբերյալ դատողություն անել մեկ ամսվա փոփոխության տեղեկատվության հիման վրա և պահուստների փոփոխությունը պետք է դիտարկել դինամիկայի կամ տրենդի ներքո՝ ավելի երկար ժամանակահատվածի համար:

Օրինակ, 2019 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ պահուստները 2018 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել են 257 մլն ԱՄՆ դոլարով:Հոդվածի հեղինակը համեմատություն է անցկացնում 2013 թվականի պահուստների համեմատ, սակայն հայտնի է, որ 2013 թվականի սեպտեմբերին պահուստների 2,430 մլն մակարդակը պայմանավորված էր եվրոբոնդի թողարկմամբ և ռուսական վարկի ներգրավմամբ: Այդ մակարդակը պահպանվել է մի քանի օր, իսկ նույն 2013 թվականի նոյեմբեր ամսին պահուստների թիվը կազմում էր արդեն 2,022 մլն ԱՄՆ դոլար:Ինչ վերաբերվում է նոյեմբեր ամսվա ընթացքում փոփոխությանը նախորդ ամսվա նկատմամբ, ապա հարկավոր է նշել, որ շատ առևտրային կազմակերպություններ տարեվերջին կա՛մ իրենց պարտավորություններն են կատարում, կա՛մ նոր առևտրային հարաբերություններ են ստեղծում, ինչը կարող է ենթադրել փոխանցումների ծավալի աճ:Նոյեմբեր ամսվա ընթացքում պահուստների նվազման պատճառ է հանդիսացել նաև ՀՀ կառավարության կողմից իրականացված պետական պարտքի սպասարկումը:Հարկավոր է հավելել նաև, որ նման սեզոնային տատանում պատմականորեն տեղի է ունենում նաև դեկտեմբեր ամսվա ընթացքում՝ արդեն աճի ուղղությամբ:Այսպիսով, կարելի է պնդել, որ ՀՀ միջազգային պահուստների մակարդակն իսկապես աննախադեպ է: Որպես հիմնավորում՝ հարկավոր է դիտարկել պահուստների չափը վերջին 10 տարվա համար միջին ամսական ցուցանիշով՝ զերծ մնալով ամիս ամսվա վրա կարճաժամկետ տատանումները որպես պահուստի փոփոխություն գնահատական տալուց. բացի այդ 2019 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ միջազգային պահուստների մակարդակը նույնպես պատմականորեն բարձր է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի՝ նոյեմբերի համեմատ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ