2018 թվականի գործող սակագներն են 191,4 դրամ, որի 11,4 դրամը պետությունը բյուջեից սուբսիդավորում էր, և բաժանորդները վճարում էին փաստացի գումարային 180 դրամ` խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` ներկայացնելով ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները սահմանելու վերաբերյալ ՀԾԿՀ-ի քննարկումը:
«Հիմա 2020 թվականի հունվարի մեկից հանձնաժողովի կողմից արդեն սահմանվեց գումարային 180 դրամը, այսինքն՝ բյուջեից սուբսիդավորման խնդիր չկա: 15 տարվա վարձակալության պայմանագրի շրջանակներում, ամեն տարի կա բազիսային նոր սակագին և բազիսային սակագնի ճշգրտման չորս գործոն»,-ասաց նա:
Անդրադառնալով էլեկտրաէներգիային՝ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ հայկական ատոմային էլեկտրակայանի նորոգման ժամկետների հետ կապված հարցեր կան, և որոշակի աշխատանքների ճշգրտման հարց կա, թե քանի օրով է կանգնելու նորոգման: «Այդ աշխատանքների վերջնական գրաֆիկներն են ճշգրտվում, համաձայն որոնց՝ կորոշվի, թե քանի օր է կանգնելու ատոմակայանը: Դրանից կախված արդեն ամբողջ հաշվեկշիռը կունենանք, որը հիմնական ազդեցություն ունեցող գործոնն է էլեկտրաէներգիայի սակագների ձևավորման վրա: Կարծում եմ, որ բավականին ռեսուրսներ կգտնվեն, որ գործող գները նույն վիճակում պահենք, բայց դեռևս դա նախնական է»,-ասաց նա:
Նա նշեց, որ շատ բան կախված է նրանից, թե ինչ արտադրության ռեժիմ կունենանք և եթե ավել քիչ կանգառ ունենանք, համեմատաբար ավելի էժան էլեկտրաէներգիայի մուտք կունենանք:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե գազի գնի փոփոխություն կլինի՞, Բաղրամյանը պատասխոնեց. «Մինչև ապրիլ գիտեք, որ գազի գինը նույնը կմնա։ Փոխվարչապետ Գրիգորյանը հայտնեց, որ բանակցության արդյունքում միջանկյալ որոշում է կայացվել, իսկ հիմնական երկարաժամկետ սակագնային պլանը դեռևս քննարկվում է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը