ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում Եվրասիական տնտեսական միության և Սերբիայի միջև ստորագրվեց Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եվրասիական տնտեսական միության կողմից համաձայնագիրը ստորագրեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության կողմից համաձայնագիրը ստորագրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսից՝ վարչապետ Սերգեյ Ռումասայը, Ղազախստանից՝ վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանից՝ վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը և Սերբիայից՝ վարչապետ Աննա Բռնաբիչը:
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հոկտեմբերի 25-ին ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Չինաստանի հետ ընդունել են համատեղ հայտարարություն՝ կապված առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո հանդիպել են ԶԼՄ ներկայացուցիչներին և ներկայացրել նիստի ընթացքում քննարկված հարցերն ու բանակցությունների արդյունքները:Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Հանձնաժողովի հարգելի նախագահ,
Թույլ տվեք հակիրճ ամփոփել Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստը։
Ցանկանում եմ նշել, որ քննարկումն, ինչպես միշտ, ընթացավ կառուցողական հունով և մեզ հաջողվեց համաձայնության գալ նիստի գրեթե բոլոր օրակարգային հարցերի շուրջ։
Մենք քննարկեցինք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի արդյունքների մասին տեղեկատվությունը՝ ինտեգրացիոն տարածքի կառուցման գործում մեր հիմնական ձեռբերումները, ծագած խնդիրների պատճառները, ինչպես նաև ԵԱՏՄ ակտերի կատարման ընթացքը։
Քննարկվեց Եվրասիական տնտեսական միության շրջանակում ոգելից խմիչքների շուկայի կարգավորման նախագծի նախապատրաստման ընթացքը։ Համաձայնագրի ընդունումը կհանգեցնի ԵԱՏՄ շրջանակում ոգելից խմիչքների ընդհանուր շուկայի իրավական հիմքերի ստեղծմանը։
Հաջորդիվ ցանկանում եմ նշել Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ կատարվող գործարքների առանձնահատկությունների մասին պայմանագիրը, որը հանում է Միության ոսկերչական իրերի ներքին շուկայում առկա սահմանափակումները։ Կարևոր է նաև «Երրորդ երկրների շուկաներում ԵԱՏՄ անդամ պետությունների ոսկերչական զարդերի խթանմանն ուղղված գործողությունների ծրագիրը»։
Սիրելի ընկերներ,
Շատ ուրախ եմ, որ այսօրվա նիստին ներկա էր նաև Սերբիայի վարչապետ տիկին Բրնաբիչը։
Գոհունակությամբ կցանկանայի նշել, որ այսօր ևս մեկ պետություն ստորագրեց ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը։ Սա ևս մեկ քայլ դարձավ մեր համագործակցության աշխարհագրության ընդլայնմանն ուղղված միջոցառումների համատեքստում։
Այսօրվա նիստը նշանավորվեց նաև նրանով, որ ուժի մեջ մտավ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը։
Սերբիայի հետ համաձայնագրի ստորագրումը և Չինաստանի հետ համաձայնագրի ուժի մեջ մտնելը վկայում են մեր ինտեգրացիոն միության միջազգային նշանակության և գրավչության ավելացման մասին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը