05 09 2019

Կապիտալ ծախսերի թերակատարման հետևանքները ցավոտ են լինելու․ Վարդան Արամյան

Կապիտալ ծախսերի թերակատարման հետևանքները ցավոտ են լինելու․ Վարդան Արամյան

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը գրում է․

«Տարբեր առիթներով խոսել եմ տնտեսական զարգացումների մասին՝ մատնանշելով նաև այն կարևոր խնդիրները, որոնց պետք է ուշադրություն դարձնի կառավարությունը: Այդ խնդիրների շարքում մեծ կարևորություն ունի կապիտալ ծախսերի շարունակական թերակատարումները, որի հետևանքները տնտեսության համար ցավոտ են լինելու:

Թերևս այս հարցը կարող էր հանրության համար ընկալվել զուտ հնչեցված միտք, եթե չհիմնավորվեր վերլուծությամբ:

Հետևապես խնդիր դրվեց “Լույս” հիմնադրամի տնտեսական թիմի հետ համատեղ գնահատելու կապիտալ ծախսերի թերակատարման ազդեցությունը մեր տնտեսության վրա: Որպեսզի գնահատականը լիներ ավելի համապարփակ, կիրառեցինք ընդհանուր հավասարակշռության GIMF մոդելը:

Նյութը շատ չծանրացնելու և հեշտ ընթեռնելի լինելու համար մակրոմոդելի տեսական նկարագրությունը տրված է ընդհանուր գծերով:

Նյութի հիմնական մեսիջները հետևյալն են.

- Կառավարության կապիտալ ծախսերի կատարման գծով խիստ պահպանողական վարքագիծը ահազանգող պետք է լինի, քանի որ տուգանելու է տնտեսական աճին:

- Տնտեսական աճը տուգանվում է և կարճաժամկետում և երկարաժամկետում, նույնիսկ եթե հաջորդ տարի կառավարությունը նորից անհրաժեշտ մակարդակով կապիտալ ծախս անի (այս տարվա թերակատրման բացասական հետևանքները մնալու են):

- Կարճաժամկետում կապիտալ ծախսերի թերակատարումը բերելու է նաև գործազրկության աճի և աշխատավարձերի նվազման (կամ աճի տեմպի զսպման)

- Երկարաժամկետում պետական կապիտալ ծախսերի թերակատարումը նվազեցնելու է արտադրողականությունը և բացասաբար ազդի արտահանման վրա:

- Ներկա իրավիճակում կառավարության “ոչ ծախսող” քաղաքականությունը երբեմն ներկայացվում է որպես դրական ձեռքբերում. Դա ինչ որ տեղ ճիշտ կլիներ եթե լինենք կարճատես և դատողություններ անենք միայն ընթացիկ տարվա համար: Իրականում հեռատես տնտեսական քաղաքականությունը պահանջում է, որ կապիտալ ծախսերի թերակատարումը ահազանգ հնչեցնի կառավարությանը՝ իրավիճակն արագ շտկելու համար:

- Ճիշտ չէ այն տեսակետը, որ կապիտալ ծախսեր չանելով և դրա հաշվին փող խնայելով պարտք/ՀՆԱ ցուցանիշը շարունակական բարելավում ենք: Միգուցե սա ճիշտ է մեկ տարվա համար սակայն կապիտալ ծախս չանելով երկարաժամկետում վտանգելու ենք նաև պարտք/ՀՆԱ ցուցանիշի բարելավման շարունակական գործընթացը, քանի որ թուլացնելու ենք տնտեսական աճի ներուժը:

Ի դեպ վերլուծությունում վերցրել ենք 2019թ-ի առաջին կիսամյակի շուրջ 65 մլրդ դրամ կապիտալ ծախսերի թերակատարման փաստը և դա տարածել ամբողջ տարվա համար: Սակայն ակնհայտ այս թիվը մեծանալու է, քանի որ տարվա երկրորդ կեսին այս միտումների շարունակման պարագայում ծրագիրը ևս չի կատարվելու: Արդյունքում նյութում բերված գնահատականները (տնտեսության վրա թողած բացասական ազդեցության չափերը) կլինեն ավելի մեծ:

Հ.Գ. Լրատվական աշխարհի իմ գործընկերները կարող են ընթերցել նյութի ներածությունը և եզրահանգումները»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ