07 08 2019

Արցախ-ՀՀ ռոումինգի ծառայությունների սակագները կնվազեն

Արցախ-ՀՀ ռոումինգի ծառայությունների սակագները կնվազեն

2020 թվականի հունվարի 1-ից կնվազեն Արցախի և Հայաստանի Հանրապետության միջև գործող ռոումինգի ծառայությունների սակագները: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը: Նա գրում է․

«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման արդյունքում՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի և ՀՀ ու ԱՀ շարժական կապի օպերատորների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը նվազեցնել Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։

Արդյունքում՝ 2020 թվականի հունվարի 1-ից՝

  • ելքային զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%, 
  • մուտքային զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%, 
  • տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%, 
  • կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:

Հիշեցնենք նաև, որ սույն թվականի օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Վեոն Արմենիա» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերը, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ սակագին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ