07 08 2019

Գործազրկությունն աճում է․ Politeconomy.org

Գործազրկությունն աճում է․ Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․ «Հրապարակվեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019թ․ հունվար-հունիսին մակրոտնտեսական ցուցանիշներ» հաղորդագրությունը։

Հիմնական մակրոտնտեսական տվյալները նախնական հրապարակումից չեն տարբերվում։ Սակայն որպես կիսամյակային հաղորդագրության լրացված տվյալներ այն ներառում է տարբեր տվյալներ։ Տնտեսության իրական հատվածի տվյալներից, աշխատանքի շուկայի ցուցանիշներից մինչև իրավախախտումների քանակ և թափոնների (աղբի) կառավարում։

Բնականաբար ամենամոդայիկ թեման թափոնների կառավարումն է թվերի տեսքով։ Բայց այս կիսամյակային հաշվետվության մեջ ամենահետաքրքիրը (կամ ամենագռեհիկը՝ եթե կուզեք) աշխատանքի շուկայի նկարագիրն է։

Իշխանությունները նաև խոսում էին մի քանի տասնյակ հազարանոց նորաբաց աշխատատեղերի մասին։ Հետո հայտնի հիմնադրամը հաշվետվություն հրապարակեց ու «ընդունեց», որ 1000-ական դրամ փոխանցումները պաշտոնական հայտարարությունների հետ չեն համընկնում՝ իրավիճակ փոխվեց։

Իշխանությունները նորաբաց աշխատատեղերի քանակը փորձեցին ներկայացնել որպես ստվերից նոր-նոր դուրս բերված աշխատատեղեր։ Հիմա արդեն պաշտոնական տվյալներ կան։

Վերջապես ամփոփվել են 2019թ. առաջին եռամսյակի թվերը և հրապարակվել 2018թ. հետ համադրված։ Անհավատալի է, բայց բնակչության տնտեսական ակտիվությունը նկարագրող բաժնում հրապարակված է զբաղվածության մակարդակի 0․2 տոկոսանոց անկում։ Փոխարենը գործազրկության մակարդակն է 0.9 տոկոսով աճել։

Տնտեսական վիճակագրությունը բազմազան է։ Ենթատեքստից կտրելով միշտ էլ կարելի է հանուն պրոպագանդայի ինչ-որ տվյալներ հրապարակել։ Օրինակ կարելի է ասել, որ նախորդ ժամանակաշրջանի համեմատ զբաղվածության աճ կա 1․2 տոկոսի չափով։ Ու «մոռանալ», որ այդ նույն ժամանակահատվածում աշխատուժի առաջարկն ավելացել է 2․3 տոկոսով։Կոպիտ ասած, կարելի է չնկատելու տալ, որ 2.3 տոկոսանոց առաջարկից աշխատանք գտել է կեսից մի փոքր ավելին։ Այսինքն, ավելացել է գործազուրկների քանակը։ Ավելացել է բացարձակ թվով։

2018թ., ըստ այս հաշվետվության, մեր երկրում հաշվարկված էր 237․6 հազար գործազուրկ։ Այս տարվա առաջին եռամսյակում գործազուրկների քանակն ավելացել է ուղիղ 16 հազար մարդով։ Հիմա նրանց քանակը 253․6 հազար է։ Ընդ որում, գործազրկության վիճակագրությունը շարունակվում է վարվել նախկինի նման։ Գործազուրկների բանակը «կենտրոնացած է» հիմնականում քաղաքային բնակավայրերում։

Պաշտոնական նորագույն տվյալներով գործազուրկների 23․7 տոկոսն է ապրում գյուղական համայնքներում։ Մնացած 76․3տոկոսը, բնականաբար, քաղաքաբնակ է։ Նման արդյունք տարիներ շարունակ ստացվում է այն պարզ հիմնավորում-հաշվարկով, որ գյուղում բնակվողների մեծ մասը հող ու անասուն ունի։ Ուստի մեծն Վիճակագրության տեսանկյունից հայտարարվում է ինքնազբաղված։ Ամենածայրահեղ դեպքում՝ պարզապես զբաղված։

Աշխատուժի շուկայի վերլուծության մեջ հետաքրքիր է նաև այն, որ միջին աշխատավարձի աճը պետական հիմնարկություններում ավելի առաջանցիկ է, քան մասնավոր ոլորտում։

Օրինակ՝ մարտ, ապրիլ, մայիս ամիսներին պետական հիմնարկներում աշխատավարձն աճել է համապատասխանաբար 6․2, 12․2 և 6․9 տոկոսով։ Ոչ պետական հաստատությունների համար նույն ամիսների աճի գործակիցն անհամեմատ ավելի համեստ է՝ 4․5, 4․2 և 4․6 տոկոս։

Աշխատանքի շուկայի այս նկարագրությունից հետո ներկայացնենք պաշտոնական հաղորդագրության «Թափոնների կառավարում 2018թ․» բաժնի վերջին պարբերությունը. «Ըստ կազմակերպված աղբահանություն իրականացնող ՀՀ համայնքներից ստացված ամփոփ տեղեկատվության, 2018թ. համայնքային աղբավայրեր են տեղափոխվել 469.9 հազար տոննա կոշտ կենցաղային թափոններ (քաղաքային աղբավայրեր՝ 449.4 հազ. տ), հանրապետության մեկ բնակչի հաշվով այն կազմել է 158.3 կգ (մեկ քաղաքաբնակի հաշվով՝ 237.1 կգ)»:

Հիշենք այս տվյալները 2019-ի թվերի հետ համեմատելու համար։

Արա Գալոյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ