21 03 2023

Ասկերանում մեծ է գործազուրկների թիվը. վարչակազմի ղեկավար

Ասկերանում մեծ է գործազուրկների թիվը. վարչակազմի ղեկավար

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման առաջին օրերից սկսած` կապված դիզվառելիքի ներկրման անհնարինության և այլ խնդիրների հետ, Ասկերանի շրջանում ևս բազմաթիվ ագրոմիջոցառումներ հետաձգվեցին կամ չեղարկվեցին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը՝ անդրադառնալով շրջափակման 100 օրվա հետևանքով առաջացած խնդիրներին ու լուծումներին:

«Դժվարություններ են առաջացել դեպի մայրաքաղաք ուղևորափոխադրումներն ապահովող ընկերությունների գործունեության մեջ, ինչն ավելի սուր զգացվել է գազամատակարարման հաճախակի անջատումների ժամանակ։ Աշխատում ենք առկա ռեսուրսները գերխնայողաբար օգտագործելու ռեժիմով, իրականացնում ժամանակաշրջանի և իրավիճակի թելադրանքով ստեղծված ծրագրերը` ըստ անհրաժեշտության և առաջնահերթության: Առաջնորդվում ենք Կառավարության որոշմամբ սահմանված վառելիք ձեռքբերելու հատուկ կարգով»,-ասել է Հ. Ապրեսյանը։

Նրա խոսքով՝ մինչև շրջափակումը ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում 44-օրյա պատերազմի ընթացքում վնասված շենք-շինությունների վերանորոգման և տեղահանված ընտանիքների համար բնակարանների կառուցման ուղղությամբ:

«Շրջանի տարածքում ներկայում դադարեցված են բոլոր տեսակի շինարարական, վերականգնողական աշխատանքները: Բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ կասեցրել են իրենց գործունեությունը, մեծ է գործազուրկների թիվը։ Բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակը մեղմելու նպատակով Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից կյանքի են կոչվում աջակցության տարբեր ծրագրեր, որոնցից մեծապես օգտվում են նաև շրջանի բնակիչները։ Օգնության հիմնական շահառուները միայնակ ծերերն են, բազմազավակ և անապահով ընտանիքները»,-մանրամասնել է շրջվարչակազմի ղեկավարը:

Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի շրջափակման պատճառով Ասկերանի շրջանում նույնպես երեխաները տևական ժամանակ զրկված են եղել կրթություն ստանալու, նախակրթարան և մանկապարտեզ հաճախելու իրավունքներից։

«Չնայած էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներին և թշնամու կողմից գազամատակարարման հաճախակի խափանումներին, շրջանի ուսումնական հաստատություններն այժմ աշխատում են նորմալ ռեժիմով։ Տարբեր հիմնադրամների կողմից պարենամթերքի տրամադրման շնորհիվ հնարավոր եղավ վերականգնել նաև մանկապարտեզների և նախակրթարանների կենսագործունեությունը»,-ներկայացրել է մեր զրուցակիցը:

Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հ. Ապրեսյանն ընդգծել է, որ շրջանում գործում է արագ արձագանքման կետ` «Թեժ գիծ», բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերին սեղմ ժամկետներում և առանց ավելորդ քաշքշուկների պատասխանելու կամ լուծում տալու նպատակով։

«Պատասխանատու այս ժամանակահատվածում, երբ ոտնահարված են 120 հազար արցախցիների հիմնարար ազատություններն ու իրավունքները՝ ազատ տեղաշարժի, կրթության և բուժօգնություն ստանալու և այլն, անհրաժեշտ է լինել միասնական և անշեղորեն կատարել մեր առջև դրված խնդիրները»,-եզրափակեց Հ. Ապրեսյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ