«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի ամենամյա հավաքի ընթացքում գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշեց, որ հիմնադրամի գործունեության 28 տարիների ընթացքում իրականացվել են 370 մլն դոլարի ծրագրեր։
Նա նշել է, որ Հիմնադրամում իրականացվել են կառուցվածքային և կադրային փոփոխություններ։
«2018 թվականին Հիմնադրամն իրականացրել է մոտ 100 ծրագիր տարբեր ոլորտներում։ Հայաստանում եւ Ղարաբաղում խոշոր նախագծերի շրջանակում մոտ 164 կառույց ապահովվել է արեւային ջրատաքացուցիչներով, կառուցվել են 4 մանկապարտեզ եւ 2 դպրոց, 1 ֆոտովոլտային կայան։ Ղարաբաղում կառուցվել է 9, վերակառուցվել 10 տուն, կառուցվել է նաեւ հանրային նշանակության մոտ 10 կենտրոն։ Բարերարների ջանքերով Ղարաբաղի 14 համայնքներում այս պահին կա ջրամատակարարում։ Առողջապահության ոլորտում իրականացվել են 419 վիրահատություն, 2600 բուժզննում։ Հիմնադրամի հանդեպ վստահության աճի մասին վկայում է այն փաստը, որ 2018 թվականին, 2017-ի համեմատ, հեռուստամարաթոնի մասնակիցների թիվն ավելացել է 20 տոկոսով։ Տարբեր երկրներից Հայաստան եւ Ղարաբաղ են այցելել մոտ 70-80 բժիշկներ, որոնք բազմաթիվ վիրահատություններ եւ բուժզննումներ են կատարել»,- նշել է նա։
Լրագրողների հետ զրույցում հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը նաև նշեց, որ համահայկական հիմնադրամը ռազմավարությունը փոխում է: Նոր ռազմավարության էությունը մշտական գործընկերների հետ աշխատանքի նոր ոճն է եւ նոր գործընկերների ներգրավումը:
Արշամյանը նաև նշեղ, որ հեռուստամարաթոնի ձևաչափը դեռեւս չի որոշվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը