Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ իր հայտարարությանն առ այն, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ստեղծվել է 50.000-ից ավելի աշխատատեղ:
«Երբ այս թիվը հրապարակեցի ԵԽԽՎ ամբիոնից, հրապարակային բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, որ կասկածի տակ էին առնում այդ թիվը: Երբ նույնիսկ ՊԵԿ-ը հանդես եկավ համապատասխան պարզաբանումներով, շարունակում էին նման հարցադրումներ հնչել, և ես հանձնարարել էի տեղեկանք պատրաստել, որպեսզի մենք ունենանք բացվածքը կոնկրետ որ ոլորտում են այդ աշխատատեղերը բացահայտվել կամ ստեղծվել:
Առաջին վարկածը այն է, որ դրանք ստվերային աշխատատեղեր են եղել եւ հեղափոխությունից հետո ստվերից դուրս են եկել: Բայց իհարկե այստեղ կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր, այդ թվի տարբերակումն ավելի խորը վերլուծության գործ է, բայց այս նրբություններն այս պահին էական չեն: Էականն այն է, որ 2019 թվականի հունվարին 2018 թվականի հունվարի հանդեպ 50.141 աշխատատեղով ավել է գրանցվել ՀՀ-ում»,-նշեց վարչապետը։
«Մեծածախ և մանրածախ առեւտուր, ավտոմեքենաների եւ մոտոցիկլների նորոգում» ոլորտում գրանցվել է 16 427 աշխատատեղի աճ: «Մշակող արդյունաբերությունում» ունեցել ենք 9551 աշխատատեղի աճ, «Կացության եւ հանրային սննդի կազմակերպում» ոլորտում՝ 8334 աշխատատեղի աճ, «Սպասարկման այլ ծառայություններ» տողով՝ 2574 աշխատատեղի աճ, «Տեղեկատվություն եւ կապ» տողով՝ 2260 աշխատատեղի աճ»,- թվարկել է Փաշինյանը՝ նշելով, որ այս թվերը չեն կարող իրական չլինել, քանի որ դրանք ձեւավորվել են ձեռնարկությունների ներկայացրած հարկային հաշիվների հիման վրա:
«Սա կարող է ֆանտաստիկայի ժանրից թվալ, բայց այդ ֆանտաստիկան Հայաստանում իրականություն է։ Սա ոչ թե կառավարության հաջողությունն է, այլ մեր ընկերությունների գիտակցության բարձրացման կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք»,- ասաց վարչապետը։
Ամփոփելով՝ Փաշինյանը նշեց․ «2019 թվականի հունվարին ՀՀ-ում արձանագրվել է 562 043 աշխատատեղ, 2018 թվականին՝ 511 902։ 2019 թվականի հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, գրանցվել է աշխատատեղերի աճ 50 141-ով»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը