Հայաստանի բանկային համակարգի նախորդ տարվա գործունեության հիմնական արդյունքներն ու ցուցանիշները ներկայացնելու նպատակով Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը և ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը հանդիպում են ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Ըստ ասուլիսի շրջանակներում ներկայացված վիճակագրության 2018 թվականի ընթացքում Հայաստանում գործել են 17 բանկեր՝ 537 մասնաճյուղերով, համակարգում աշխատել են 11773 աշխատակիցներ:
Բանկերի տարեկան ընդհանուր կապիտալը կազմել է 771.1 մլրդ դրամ, ակտիվները՝ 4963.5 մլրդ դրամ, վարկերը՝ 3245.4 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները՝ 4192.4 մլրդ դրամ:
Միաժամանկ կատարվել է համեմատություն վերջին 7 տարիների բանկային ցուցանիշների և երկրի տնտեսության համախառն ներքին արդյունքի միջև /ՀՆԱ/ ու ներկայացվել, որ եթե նշված ժամանակահատվածում ՀՆԱ-ն ավելացել է 40.7%-ով, ապա բանկային համակարգի հիմնական ցուցանիշները գրեթե կրկնապատկվել են, ինչն էլ հավաստում է, որ բանկային համակարգը զարգանում է առաջանցիկ տեմպերով ու վերջինիս միջնորդության՝ ֆինանսական միջոցների ներգրավման և տնտեսությունում տեղաբաշխման, մակարդակը յուրաքանչյուր տարի բարձրանում է:
Բանկերի միության հրապարակած տվյալների համաձայն 2018 թվականին բանկերի ընդհանուր կապիտալը 2017 թվականի համեմատ աճել է շուրջ 78 մլրդ դրամով կամ 11.3%-ով:
Ընդհանուր ակտիվները 2017 թվականի համեմատ 2018 թվականին աճել են 611 մլրդ դրամով կամ 14%-ով:
Ընդգծվեց, որ թեպետ ՀՀ անկախության առաջին տարիներին շուրջ 58-59-ի հասնող բանկերի թիվը հետագայում տարեցտարի նվազել է, սակայն այդ ամենին զուգահեռ կտրուկ ավելացել է ակտիվների ծավալը և այս երկու ցուցանիշների համադրումը խոսում է այն մասին, որ տարիների ընթացքում բանկերն առավել հզորացել ու ամրապնդվել են:
Բանկային համակարգում նախորդ տարի ակտիվների շահութաբերությունը (ROA) կազմել է 1,34%, իսկ կապիտալի շահութաբերությունը (ROE) 8,36%:
Անդրադառնալով վարկային ներդրումների ընդհանուր նկարագրությանը՝ հրապարկվել է, որ 2018 թվականին վարկային ներդրումները նախորդ տարվա համեմատ աճել են 392 մլրդ դրամով կամ 13,7%-ով և բանկերն ակտիվ ֆինանսավորել են տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը:
Վարկային պորտֆելի բաշխումն ըստ որոշ հիմնական ուղղությունների ունեցել է հետևյալ պատկերը. հիպոթեք՝ 263.3 մլրդ դրամ (22% աճ), գյուղատնտեսություն՝ 169.4 մլրդ դրամ (5.7% աճ), արդյունաբերություն՝ 540.3 մլրդ դրամ (9.4 % աճ), տրանսպորտ և կապ 114.0 մլրդ դրամ (46.2 % աճ), առևտուր՝ 565.1 մլրդ դրամ (13% աճ), ծառայություններ՝ 225.1 մլրդ դրամ (31.2% աճ), սպառողական վարկեր՝ 789.1 մլրդ (36% աճ):
Ընդհանուր առմամբ 2018 թվականին նախորդ տարվա համեմատ ֆիզիկական անձանց տրված վարկերն աճել են 272 մլրդ դրամով (33%-ով), իսկ տնտեսությանը տրված վարկերն աճել են 155 մլրդ դրամով (8,1%-ով):
Լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահն ու գործադիր տնօրենը ցուցանիշներ են ներկայացրել նաև բանկային ավանդների վերաբերյալ. ըստ որի՝ 2018 թվականին ընդհանուր ավանդները նախորդ տարվա համեմատ աճել են 273 մլրդ դրամով կամ 10.5%-ով և կազմել են 2 տրլն 863 մլրդ դրամ: Այդ թվում՝ ցպահանջ ավանդներն աճել են 183 մլրդ դրամով կամ 22%-ով, իսկ ժամկետային ավանդներն աճել են 90 մլրդ դրամով կամ 5,1%-ով: Իրավաբանական անձանց ավանդներն աճել են 133 մլրդ դրամով կամ 13%-ով, իսկ ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 50 մլրդ դրամով կամ 3%-ով:
Եվ այս հատվածում առավել երկար ժամանակահատվածով դիտարկումներ կատարելու պարագայում՝ տարիների վերլուծությունը բերում է այն համոզման, որ անգամ տնտեսության համար դժվարին ու ճգնաժամային տարիներին ավանդների ծավալը մշտապես համաչափորեն ավելացել է, որն էլ խոսում է մեր երկրի տնտեսվարողների ու բնակչության կողմից բանկային համակարգի հանդեպ ունեցած վստահության մասին, ինչպես նաև արտահայտում այն համոզվածությունը, որ համակարգն ընդունակ է դիմակայել ամենատարբեր սթրեսային իրավիճակներին ու մարտահրավերներին:
Ասուլիսի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին և ներկայացվել, որ 2018 թվականին վճարային քարտերի քանակը կազմել է 2 024 070, որը 2017 թվականի (1 714 679) համեմատ ավելացել է 309 391-ով կամ 18,04%-ով:
2018-ին վճարային քարտերով կատարվել է 48 124 760 գործարք, որը նախորդ տարվա համեմատ` (36 233 175) ավելացել է 11 891 585-ով կամ 32,8%-ով: 2018 թվականին վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 1 932 804 մլն ՀՀ դրամ, որը 2017 թվականի համեմատ (1 576 818) ավելացել է 355 986 մլն դրամով կամ 22,6%-ով:
Ըստ բանկերի միության տվյալների 2018 թվականին կանխիկ գործարքների քանակը կազմել է 30 110 602, որը 2017-ի (25 234 703) համեմատ աճել է 4 875 899-ով կամ 19,3%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 18 014 158, որը 2017-ի (10 998 472) համեմատ աճել է 7 015 686-ով կամ 63,8%-ով:
Նախորդ տարի կանխիկ գործարքների ծավալը կազմել է 1 536 867 մլն դրամ, որը 2017-ի (1 307 788 մլն դրամ) համեմատ աճել է 229 079մլն դրամով կամ 17,5%-ով: Անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 395 937 մլն դրամ, որը 2017-ի (269 030 մլն դրամ) համեմատ աճել է 126 907 մլն դրամով կամ 47,2%-ով: Ընդհանուր առմամբ բոլոր քարտերով կատարված գործարքների ծավալի 20%-ը կատարվել է անկանխիկ, իսկ 80%-ը կանխիկ համամասնությամբ:
Հայաստանի բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը և ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը պատասխանել են նաև լրագրողների կողմից տրված տարբեր հարցերի, վերլուծություններ ներկայացրել բանկային համակարգի տարբեր ասպարեզներում գրանցված արդյունքների վերաբերյալ, ինչպես նաև նախանշել են ընթացիկ տարում նախատեսվող ծրագրային առաջնահերթություններն ու համակարգի զարգացման գերակա ուղղությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը