19 03 2019

ՌԴ-ում հայկական ավիափոխադրողների հանդեպ խտրականության հարցը լուծվել է

ՌԴ-ում հայկական ավիափոխադրողների հանդեպ խտրականության հարցը լուծվել է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը լուծել է ՌԴ-ում հայկական ավիափոխադրողների հանդեպ կիրառվող խտրական մոտեցման հարցը:

Հանձնաժողովից հայտնում են, որ այս առնչությամբ հայկական «Տարոն-Ավիա» ավիաընկերությունը ամիսներ առաջ դիմել էր ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովին՝ դժգոհելով ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից: Ըստ բողոքի, չնայած Հայաստանն ու Ռուսաստանը ԵՏՄ անդամ երկրներ են, սակայն ՌԴ օդանավակայանները հայկական փոխադրողներին դիտարկում են իբրեւ արտասահմանյան ու սպասարկման եւ այլ ծառայությունների համար նրանց հանդեպ կիրառում են ավելի բարձր գներ, քան տեղական ավիափոխադրողների:

Այս իրավիճակը թույլ չի տալիս, որպեսզի հայկական ավիաընկերությունը իր գնային քաղաքականությամբ մրցակցի ռուսականների հետ: «Տարոն Ավիան» Հանձնաժողովին տեղեկացրել է, որ խնդրահարույց է նաեւ աերոնավիգացիոն ծառայություններ տրամադրող ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) կողմից իրենց հանդեպ կիրառվող գնային քաղաքականությունը:

Այստեղ եւս գործում են տարբերակված մոտեցումներ, մասնավորապես, Ռուսաստանի տարածքում ոչ տեղական ընկերություններից աէրոնավիգացիոն ծառայության դիմաց գանձվում է 95,2 դոլար՝ յուրաքանչյուր 100 կմ-ի համար, մինչդեռ տեղական, այսինքն ռուսական ավիաընկերությունները նույն ծառայության համար վճարում եմ մոտ 3 անգամ ավելի էժան՝ 35 դոլար՝ 100 կմ-ի համար:

Ըստ Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, ԵՏՄ տարածքում, անդամ երկրների ավիաընկերությունների համար օդանավակայաններում ոչ հավասար պայմանների ստեղծումը հակասում է ԵՏՄ–ում առողջ մրցակցության սկզբունքներին ու կանոններին. «Նման մոտեցման արդյունքում, փաստորեն ռուսական ավիաընկերությունները կարողանում են մրցակցային լուրջ առավելություն ստանալ հայկական ավիաընկերությունների հանդեպ»:

Ստեղծված իրավիճակը հանգեցնում է նրան, որ կոնկրետ բողոք ներկայացրած տնտեսվարողի՝ «Տարոն Ավիայի» պարագայում թիրախային համարվող ՌԴ տարբեր քաղաքներ ուղղությունները ընկերության համար դառնում են ոչ մրցունակ: Վերջինս կատարում է հավելյալ ծախսեր, ինչը էականորեն ազդում է ավիատոմսի գնագոյացման վրա:

Հանձնաժողովը խնդիրը տեւական ժամանակ քննարկել է ԵՏՄ գործընկերների հետ՝ նրանց եւս ներգրավվելով գործում՝ խնդրի արագ եւ ամբողջական կարգավորմանը հասնելու նպատակով: Կատարված աշխատանքների արդյունքում օրերս սահմանվել է ժամանակացույց՝ առաջիկա 2 տարվա ընթացքում վերհանել ՌԴ բոլոր օդանավակայաններում առկա տարբերակված սակագները եւ վերանայել դրանք:

Այսինքն, ընդունվել է բոլոր անդամ երկրների տարածքում սակագների համահարթեցման միասնական որոշում: Նշենք նաեւ, որ արդեն իսկ գործնական քայլեր են իրականացվում եւ ՌԴ տարածքում գործող երկու օդանավակայաններ վերանայել են իրենց սակագնային քաղաքականությունը եւ հայկական ավիաընկերությունների համար տարբերակված մոտեցումներ առկա չեն:

Նշենք նաեւ, որ մեր երկրում թե հայկական եւ թե արտասահմանյան ընկերությունների համար սպասարկման եւ աէրոնավիգացիոն ծառայությունների գների նման տարբերակում առկա չէ, ինչը նշանակում է, որ այդ առումով բոլոր երկրների ավիափոխադրողները ունեն հավասար մրցակցելու հնարավորություն

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ