Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդիպել է գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվող՝ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու մոտեցման դեմ: Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից:
Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են նախագծով առաջարկվող՝ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի ներդրմամբ պայմանավորված հնարավոր խնդիրներին: Ֆինանսների նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ այդ փոփոխությունն առաջարկվում է 2 նկատառումներից ելնելով. առաջինը ֆիսկալ նպատակն է, որի հիմքում լրացուցիչ հարկային եկամուտների ավելացումն է, ինչը հնարավորություն կընձեռի մասնակիորեն փոխհատուցել ուղղակի հարկերի նվազեցման արդյունքում առաջացող՝ պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը:
Երկրորդն առողջապահական նպատակն է, որը ենթադրում է վնասակար սպառում ենթադրող ապրանքների սպառման ծավալների կրճատում: Արման Պողոսյանի խոսքով` առաջարկվում է հարկային փոփոխությունների փաթեթային տարբերակ: Առաջարկվող նախագծով իջեցվում են ուղղակի հարկերը՝ փոխարենը բարձրացնելով անուղղակիները, այսինքն՝ հարկային բեռը ուղղակի հարկերից տեղափոխվում է անուղղակի հարկման դաշտ:
Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչներն առաջարկում են վերադառնալ նախագծի նախնական տարբերակին, այսինքն` ակցիզային հարկը կիրառել՝ հաշվի առնելով շաքարի պարունակությունը:
Քննարկման արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որպեսզի ֆինանսների նախարարությունը ընկերությունների ներկայացված առաջարկները քննարկի նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ և վաղը՝ մարտի 12-ին, արդյունքները ներակայացվեն ընկերությունների ներկայացուցիչներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը