Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հարցազրույց է տվել «Ռեգնում»-ին, որում անդրադարձել է ԵԱՏՄ շրջանակում գազի, նավթի ու նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծման ֆոնին գազի գնի նվազման հավանականությանը։
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ չնայած գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ստեղծման գործընթացը բավականին լուրջ քայլ է դեպի առաջ, սակայն այն դժվար է առաջ գնում, վիճելի հարցեր կան, որոնցից մեկն այն է, թե ինչպես է ձևավորվելու գազի տարանցման համար գինը:
Տիգրան Սարգսյանը նշել է՝ Հայաստանը 2019-ի հունվարի 1-ից ստանձնել է միությունում նախագահությունը, իսկ նախագահության հիմնական առաջնահերթություններն են թվայնացումը, միջազգային հարաբերությունների զարգացումը, ԵԱՏՄ շրջանակում օրենսդրության ներդաշնակեցումը, ինչպես նաև ԵԱՏՄ ներքին շուկայում խոչընդոտների վերացումը:
Սարգսյանը նշել է՝ ԵԱՏՄ շրջանակում գազի, նավթի և նավթամթերքի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկաների ձևավորումը կհանգեցնի արդյունավետության բարձրացմանը, անարդյունավետ ընկերությունները դուրս կմնան շուկայից: «Դրան պետք է նախապատրաստվել: Ուստի՝ ազգային կառավարությունները պետք է արդեն այսօր մտածեն այն մասին, թե ինչ մեխանիզմներ է անհրաժեշտ կիրառել այդ ամենն անցավ դարձնելու համար»,-ասել է ԵԱՏՀ կոլեգիայի նախագահը:
Անդրադառնալով թվայնացմանը` նա ասել է, որ այն ուղղված է ԵԱՏՄ երկրների տնտեսությունների զարգացմանը համատեղ նախագծային աշխատանքի միջոցով` բիզնեսի ակտիվ ներգրավմամբ:
Գործակալության լրագրողը հարցրել է ռոումինգի մասին․ Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ պետք է շարժվել դեպի ռոումինգի վերացում, գոնե` այն ընկերությունների ներսում, որոնք աշխատում են ԵԱՏՄ մի քանի երկրների տարածքում: Նույն ՄՏՍ-ն գործում է է ՀՀ-ում, Բելառուսում և Ռուսաստանում»:
Տիգրանն Սարգսյանն ասել է, որ իրենց ռազմավարական խնդիրն է ստեղծել և համաշխարհային շուկա հանել եվրասիական բրենդը: «Ներկայումս Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ մշակվում է ոսկերչական ոլորտում կոոպերացիոն նախագիծ: Ոսկերչական ապրանքների արտադրությունը այդ ուղղություններից մեկն է, որոնցում առկա է կոոպեացիայի և արտաքին շուկաներում եվրասիական ապրանքները առաջ մղելու ներուժ»,- ասել է նա:
Պատասխանելով հարցին` ունի՞ որևէ ոլորտ վերադառնալու երազանք, որտեղ նախկինում աշխատել է, Տիգրան Սարգսյանը պատասխանել է. «Այո, ունեմ։ Լենինգրադում, որտեղ սովորել եմ, Հանրային գրադարան կար և Գիտությունների ակադեմիայի գրադարանը, կցանկանայի այնտեղ հայտնվել: Իսկ, ընդհանրապես, եթե նորից սկսեի, ապա կընդունվեի փիլիսոփայության ֆակուլտետ, ոչ թե տնտեսագիտական, քանի որ 21-րդ դարը մեթոդոլոգիայի դարաշրջան է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը