ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, մասնակցելու ԵՏՄ մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստին: Նիստի ընթացքում քննարկվել են ապրանքային նշանների նկատմամբ բացառիկ իրավունքների պաշտպանությանը առնչվող խնդիրները, ինչպես նաեւ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր իրավիճակին եւ կատարված աշխատանքներին առնչվող հարցեր:
ՏՄՊՊՀ-ից տեղեկացնում են, որ Շաբոյանն իր ելույթում անդրադարձել է հայկական արտադրող եւ արտահանող խոշորագույն ընկերություններից մեկի՝ «Գրանդ Քենդիի» խնդրին, որը ռուսական շուկայում հանդիպել է խոչընդոտների: Ներկայացնելով, որ ստեղծված իրավիճակը անհավասար պայմաններ է ստեղծել տեղական արտադրողի համար, Ա. Շաբոյանը մանրամասնել է. «Խոսքը վերաբերում է մասնավորապես «Պանդա» անվանումով շոկոլադների արտադրությանը, որը որպես ապրանքային նշան ՀՀ եւ ՌԴ տարածքում գրանցված է եւ պատկանում է «Գրանդ Քենդի» ընկերությանը:
Սա նշանակում է, որ որեւէ այլ տնտեսվարող իրավասու չէ այդ անվանումով, կամ նման ապրանքային տեսքով ու նշանով արտադրություն ունենալու: Սակայն, ռուսական երկու ընկերություններ՝ «Շոկոլենդը» եւ «Սիրիուսը» արտադրում եւ ռուսական շուկայում իրացնում են նույն շոկոլադները՝ վնաս պատճառելով հայկական արտադրողին: Ընդ որում, «Գրանդ Քենդին» հանդիսանում է նաեւ օրիգինալ փաթեթավորմամբ շոկոլադների գյուտի իրավատեր»:
ՏՄՊՊՀ նախագահը նշել է, որ խնդիրը առաջացել է ՌԴ տարածքում, այդ իսկ պատճառով ՀՀ Մրցակցային մարմնի խնդրանքով գործում ներգրավվել են նաեւ ՌԴ Հակամենաշնորհային ծառայության գործընկերները՝ համատեղ կերպով արտադրողի շահերը պաշտպանելու եւ խնդրին վերջնական լուծում տալու նպատակով: Ա. Շաբոյանը նշել է, որ գործը այս պահին վիճարկվում է դատական կարգով, իսկ նիստերին ներգրավված են նաեւ երկու երկրների մրցակցային մարմինները.
«Ես չափազանց կարեւորում եմ ԵՏՄ անդամ երկրների տարածքում գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարողների համար հավասար եւ արդար մրցակցային պայմանների ապահովումը եւ վստահ եմ, որ համատեղ ջանքերով պետք է հասնենք նրան, որ բացառվեն այնպիսի խնդիրները, երբ այս կամ այն երկրում մուտքի խոչընդոտներ են ստեղծվում տնտեսվարողների համար»: Նա նաեւ ընդգծել է, որ որ ՀՀ մրցակցային մարմնի կողմից արվում է առավելագույնը՝ հայկական շուկայում բոլորի համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու ուղղությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը