15 06 2022

Ինչու՞ չի ասում Ոստիկանությունը, թե ինչու է հատկապես «Գրանդ քենդի» վաֆլիներով կերակրել ծառայողներին

Ինչու՞ չի ասում Ոստիկանությունը, թե ինչու է հատկապես «Գրանդ քենդի» վաֆլիներով կերակրել ծառայողներին

Մեկ ամիս առաջ՝ մայիսի 13-ին, Yerevan.Today-ի տեսախցիկը ֆիքսել էր՝ ինչպես են ոստիկանները «ՀայՓոստ» ընկերության՝ Հանրապետության հրապարակում գտնվող շենքից մեծաքանակ ջրեր, սնունդ, սիգարետ և այլ իրեր ստանում, տեղափոխում։ Տեսանյութում երևում է, որ հատկապես, քաղցրավենիքը, սնունդը «Գրանդ քենդի» ընկերության արկղերով է։

Հարցում ուղարկեցինք ոստիկանությանը՝ «Ի՞նչ նպատակով են այդ հարցերով զբաղվում ծառայության մեջ գտնվող ոստիկանները։ Ո՞ւմ համար են նախատեսված դրանք։ Ի՞նչ միջոցներով են ձեռք բերվել նշածս սնունդն ու ծխախոտը և ու՞մ կողմից։ Ե՞րբ է ձեռք բերվել։ Եթե ձեքբերում չէ, ապա ո՞ւ մ կողմից է տրամադրվել։ Ի՞նչ կապ ունի այդ գործընթացի հետ «Գրանդ քենդի» ընկերությունը»։

Մայիսի 19-ին ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության կողմից ստացանք հետևյալ պատասխանը․ «Վերջին օրերին ՀՀ ոստիկանության որոշ ստորաբաժանումներ իրականացնում են գերծանրաբեռնված և շուրջօրյա ծառայություն։ Նշված ծառայողներին ջրով և սննդով ապահովումն իրականացվել է Հանրապետության հրապարակի «Հայ Փոստ»-ի գրասենյակից։ Այս հանգամանքով պայմանավորված՝ բեռնաթափման աշխատանքները կազմակերպելու նպատակով ավտոմեքենաները հնարավորինս մոտեցվել են գրասենյակի տարածքին։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ շուրջօրյա ծառայություն իրականացնող ոստիկանների սննդի տրամադրումը ներկայումս իրականացվում է այլ վայրից, որպեսզի բացառավի անթույլատրելի վարերում մեքենաների կայանումը»։

Եվս մեկ հարցում ուղարկեցինք ոստիկանություն՝ նշելով, որ նրանք բոլորովին այլ հարցի են պատասխանել, մենք չենք հարցրել, թե ինչու են ավտոմեքենաները կանգնել այդ հատվածում։ Խնդրեցինք կոնկրետ պատասխանել հարցերին։

Այս անգամ հարցին պատասխանեց ոստիկանության շտաբը, սակայն պատասխանեց դարձյալ հարցերի մի մասին։

«Ս/թ ապրիլի 17-ից Երևան քաղաքում կազմակերպվող և անցկացվող հավաքներով, երթերով ու այլ զանգվածային միջոցառումներով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանության որոշ ստորաբաժանումներ իրականացնում են գերծանրաբեռնված և ուժեղացված ծառայություն։

Վերոգրյալի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել հիմնական ծառայության վայրից դուրս հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը ներգրավված ոստիկանության ծառայողներին տեղում ապահովել պարենով։ Ուստի, ելնելով խնդրի անհետաձգելիությունից՝ ձեռնարկվել են իրավիճակից բխող համապատասխան միջոցառումներ, անհրաժեշտ պարենը ձեռք է բերվել պետական միջոցների հաշվին՝ օրենքով սահմանված կարգով։

Որոշ ժամանակ հատկացվելիք պարենը տեղափոխվել է Հանրապետության հրապարակի «Հայփոստ» ընկերության գրասենյակի տարածք, որտեղից էլ տվյալ օրը ծառայության չընդգրկված ոստիկանության ծառայողների միջոցով այն տրամադրվել է հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը ներգրավված ծառայողներին։ Այսինքն՝ ծառայության մեջ ընդգրկված ոստիկանության ծառայողները պարենի տեղափոխմամբ չեն զբաղվել»։

Եվս մեկ հարցում ուղարկեցինք ոստիկանություն՝ խնդրելով հստակ պատասխանել հարցերին և չտալ այնպիսի պատասխաններ, որ ստպված լինենք նոր հարցում ուղարկել։

Ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Ա․ Մկրտչյանի ստորագրությամբ ստացանք պատասխան, որ տեղեկատվության տրամադրումը մերժվում է, որովհետև «տեղեկությունները գաղտնագրված են և ենթակա չեն հապարակման»։

Հղում են արել ոստիկանապետի՝ 2020թ․ հոկտեմբեի 27-ի հրամանի 42-րդ կետին, որով գաղտնագրման ենթակա տեղեկություն են համարվում «Զենքի, ռազմամթերքի, օպերատիվ կապի միջոցների, հանդերձանքի, սննդի ձեռք բերման, ՀՀ ոստիկանության պահպանման ծախսերի և տնտեսագիտական դասակարգման մասին» տեղեկությունները։

Այսինքն, թե ոստիկանության սննդի հետ ինչ կապ ունի «Գրանդ քենդի» ընկերությունը, համարվում է գաղտնի՞ք։ Կամ, ո՞վ, ինչպե՞ս է որոշել, որ հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը ներգրավված ծառայողներին պետք է կերակրել հատկապես «Գրանդ քենդի» պեչենի/վաֆլիներով։ Կամ ելնելով խնդրի անհետաձգելիությունից որոշվել է այդ պարենի գնումները կատարել հենց այդ արտադրողից, այլ ոչ մեկ այլ, այդ ամենը գաղտնի՞ք է։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ