«Պետության հարգելի ղեկավարներ, տնտեսությունը չի կարգավորվում հրահանգներով և հրամանագրերով: Ավելի քան երկու շաբաթ է՝ մենք չենք կարողանում ձեռք բերել ՀԴՄ ապարատ: Գինը 160.000-ից 60 հազար իջեցնելու հրահանգից հետո մոնոպոլ կազմակերպությունը դրանք ուղղակի չի վաճառում»: Այս մասին իր ֆեյսբուքի էջում գրել էր «Դարմիքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Մարատ Օգանեզովը: Մեզ հետ զրույցում նա ներկայացրեց խնդիրը՝ նշելով, որ ընկերությունն աշխատում է հանրային սննդի ոլորտում։ Մասնավորապես, նախատեսված էր երկուշաբթի օրը մեկնարկել Երևանի քաղաքապետարանի ճաշարանի աշխատանքները, որն իրականացնում է իրենց ընկերությունը: Օգանեզովի խոսքով՝ ամեն ինչ արդեն պատրաստ է, վերանորոգումն արել են, տարածքը վարձակալել, բայց ՀԴՄ-ն չկա, որ կարողանան աշխատել:
«Գուցե այդքան էլ մեծ խնդիր չէ, ուղղակի շատ է ձգձգվում, ՀԴՄ-ի համար գումարը վճարված է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ին: Իսկ հաշվապահն ասում է, որ զանգում է, անընդհատ զբաղված է, հայտն էլ ընթացիկ, հարկայինն էլ ասում է՝ մենք կապ չունենք, ՊՈԱԿ-ի գործն է»,- ասաց Մարատ Օգանեզովը:
Նշենք նաև, որ գործարարի գրառմանը արձագանքել է նաև «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ մասնավորապես նշելով. «Ի՞նչ անի գործարարը: Նաև նշեմ, որ ամբողջ քաղաքապետարանը սնվելու հնարավորություն չունի, քանի որ այս գործարարը պիտի աշխատեցնի բուֆետը»:
Թե ինչի հետ է կապված խնդիրը, Մարատ Օգանեզովը դժվարացավ պատասխանել, բայց հույս հայտնեց, որ գոնե հաջորդ շաբաթ խնդիրը կլուծվի և կկարողանա սկսել աշխատանքնը:
Հիշեցենենք, որ դեռ տարեվերջին հայտնի դարձավ, որ 2019 թվականի հունվարի 1-ից նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաները պարտադիր են դառնում բոլոր տնտեսվարողների համար: Հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին էր սահմանվել 160000 դրամը: Տարբեր բողոքներից և քննադատություններից հետո այս գինը փոխվեց՝ դառնալով 60 Հազար դրամ: Տարբերությունը վճարելու է պետությունը:
Սակայն արդեն մի քանի դժգոհություն ենք ստացել առ այն, որ ՀԴՄ սարք ձեռք բերել չի հաջողվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը