14 02 2019

Բյուջե 2018-ի կատարողականը՝ աղաղակող կեղծիք. 168.am

Բյուջե 2018-ի կատարողականը՝ աղաղակող կեղծիք. 168.am

168.am-ը գրել է. 2018թ. պետական բյուջեի հարկային եկամուտների հաստատված ցուցանիշը կազմել է 1,261.5 մլրդ դրամ, իսկ հարկային եկամուտների փաստացի մեծությունը՝ 1,257.9 մլրդ դրամ։ Այսինքն՝ կատարողականը կազմել է 99. 7 % և 2018 թ. հաստատված բյուջեն 3. 6 մլրդ դրամով կամ 0. 3 տոկոսային կետով թերակատարվել է։ Սակայն, «168 Ժամի» տեղեկություններով՝ իրական թերակատարումը շատ ավելի մեծ է եղել, քան վերը նշված 3.6 մլրդ դրամը, քանի որ 2018թ. դեկտեմբեր ամսվա ընթացքում հարկային եկամուտ ճանաչված գումարների մեծությունն արհեստականորեն ավելացվել է։

Ինչպե՞ս է դա տեղի է ունեցել

2018 թվականի հունվարի 1-ից սկսած, երբ սկսեց գործել Հարկային օրենսգիրքը, հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարները հարկային եկամուտներ չեն համարվում։ Փոխարենը՝ հարկային եկամուտ կարող են համարվել միայն հարկային հաշվարկով, ստուգման ակտով կամ այլ հիմքով ծագած հարկային պարտավորությունների դիմաց վճարված գումարները։ Դեկտեմբեր ամսվա մեջ ներկայացվում են նոյեմբեր ամսվա հարկային հաշվարկները, որոնց ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։

Այսինքն` դեկտեմբերի 20-ից հետո հարկային եկամուտներ ճանաչվելու համար անհրաժեշտ էր ինչ-որ հիմք կամ հարկային պարտավորություններն ավելացնող ճշտված հաշվարկ, կամ ստուգման ակտ կամ հարկային պարտավորություն առաջացնող որևէ այլ փաստաթուղթ (դատարանի վճիռ, բողոքարկման հանձնաժողովի որոշում, և այլն):

2018թ. դեկտեմբերի 20-ից հետո` դեկտեմբերի 24-28-ն ընկած ժամանակահատվածում, մի քանի տասնյակ հարկ վճարողների միասնական հաշվին առկա գումարներն ինչ-որ արհեստական հիմքերով (կամ հաշվարկի ճշգրտում կամ ստուգման ակտ, և այլն) մուտքագրվել են բյուջե (ճանաչվել է հարկային եկամուտ)՝ այդ գումարները 2019թ. աոաջին երկու ամիսներին հետ վերադարձնելու պայմանով։

Միայն համեմատաբար խոշոր (100 մլն դրամից ավելի) մուտքագրումների մասով դեկտեմբեր ամսվա այդ օրերին արհեստականորեն եկամուտ է ճանաչվել շուրջ 21.0 մլրդ դրամ։ Ընդ որում, այդ գումարների մի մասը՝ 11.7 մլրդ դրամ, անմիջապես 2019թ. հունվար ամսին վերադարձվել է միասնական հաշվին։ Մյուս մասը, հավանաբար, կվերադարձվի փետրվար ամսին։ Այսպիսով. 2018 2. տարեկան պլանի թերակատարումը կազմել է նվազագույնը 24.6 մլրդ դրամ (21,0+3,6)։

Փաստորեն, պետբյուջեի տարեկան եկամուտների պլանային ցուցանիշն ապահովելու համար հնարավոր եղանակներից՝ ճշգրտված հաշվետվություն, ստուգման ակտի առկայություն կամ որևէ այլ փաստաթուղթ, ՊԵԿ-ն ընտրել է ստուգման ակտի տարբերակը, սակայն դրանք իրականում գոյություն չունեցող, անիրական ստուգման ակտեր են, որոնք կազմվել են օրենքի խախտումով և ունեցել են հստակ ուրվագծված միայն մեկ նպատակ։ Որպեսզի ՊԵԿ-ը կարողանա միասնական հաշվի վրա հավաքագրված գումարը փոխանցի պետական բյուջեի գանձապետական հաշվին, անհրաժեշտ է եղել վերոնշյալ փաստաթղթի առկայությունը։ Ստուգման ակտը կազմվել է նախապայմանով, որ գանձված գումարը հունվարին կվերադարձնեն միասնական հաշվին, և տնտեսվարողը հաշվետվությունների ներկայացման միջոցով կկարողանա դրանք օգտագործել հարկային պարտավորությունները մարելու համար։

Արդյունքում՝ մեկ գործողությամբ ոչ միայն խախտվել են գործող օրենսդրության պահանջները, այլև մեկ զարկով միանգամից 2 ցուցանիշ է կեղծվել։ Դրանցից առաջինում կեղծվել է պետական բյուջեի տարեկան հաստատված պլանի կատարումը, իսկ երկրորդ քայլով ներկայացվել է գերավճարների թվի մաշեցման ոչ իրական ցուցանիշ։ Հունվարին, ըստ էության, կրկին խախտելով օրենսդրությունը և կեղծելով պաշտոնական փաստաթղթերը, փաստացի գանձված գումարները ետ են վերադարձվել միասնական հաշվին՝ այդպիսով պահպանելով նախկին պայմանավորվածությունը։ Արդյունքում՝ բոլորը գոհ են, բոլորը՝ երջանիկ, իսկ Բյուջե 2018-ի կատարողականը՝ կատարյալ կեղծիք։

Ասվածը ապացուցելու համար երկար հետազոտություններ պետք չեն. բավական է միայն նշել, որ դեռ երեկվա դրությամբ չէին տրվել ուսուցիչների աշխատավարձերն ու մեկուկես ամիս թոշակի սպասող թոշակառուների չնչին գումարները։

Սակայն սա դեռ ամենը չէ։ Ստեղծված իրավիճակն էլ ավելի զավեշտալի է դառնում, երբ իմանում ենք, որ ՊԵԿ ղեկավարությունը, չնայած մուտքերի թերակատարմանը և քաջ գիտակցելով դրա կարևորությունը պետական բյուջեի ծախսերի իրականացման համար (օրինակ՝ աշխատավարձերի և թոշակների վճարում), տարեվերջին աստղաբաշխական գումարների պարգևավճարներ են դուրս գրել իրենք իրենց համար, և այդ աղմուկը մինչ օրս չի լռում։

Բացի դրանից, անցած ամիսներին՝ հետհեղափոխական էյֆորիայի շրջանում, ԱԱԾ-ն իր հրապարակած տվյալներով՝ լուրջ գումարներ է վերադարձել պետբյուջե, ու անգամ այդ պայմաններում պետական բյուջեի կատարումը ստիպված են եղել ապահովել կեղծիքների միջոցով։ Այս իրավիճակում մի պարզ հարց է առաջանում, եթե այդ բոլոր հանգամանքների արդյունքում 2018-ին ունեցել ենք այսպիսի խայտառակ արդյունք, ինչպե՞ս է այս տարի ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կարողանալու առհասարակ բյուջեի հարկային մուտքերն ապահովել։

Վերը բերվածը մերկապարանոց հայտարարություն չթվալու համար նկարագրենք այդ կեղծիքի մեխանիզմը մեկ օրինակով։

Այսպես, 2018թ. դեկտեմբերի 25-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի համար ստուգման հանձնարարագիր է տրվում, որն ավարտվում է նույն օրը՝ դեկտեմբերի 25-ին, այն դեպքում, երբ այդպիսի խոշոր հարկատուին ստուգելու համար սովորաբար ամիսներ են հարկավոր լինում։ Ստուգման ակտի տեսակը՝ ԲՍ (բյուջեի ստուգում)։ Նախորդ այդօրինակ ստուգման ամսաթիվը եղել է 05.12.2017թ.։ Այս ստուգումը կատարել է ՊԵԿ նախագահի մերձավոր բարեկամը, ընդ որում՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուներից մեկի ստուգումը վերջինս իրականացրել է միայնակ, ինչը հավանաբար արվել է արտահոսքից խուսափելու նպատակով, կամ էլ որևէ այլ անձ հանձն չի առել մտնել այդ աղաղակող ձեռնարկի տակ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ