Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ արձագանքել է փաստաբանական ծառայությունները ԱԱՀ–ից ազատելու առաջարկին՝ ասելով․ «Մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք հանցագործներին»։
«Այսօր եթե մենք փաստաբանական ծառայություններն ազատենք ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանենք ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում՝ հանցագործները։ Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»,– նշեց նա։
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հակադարձեց՝ ցավալի է, երբ պաշտոնատար անձը մեղադրվող անձին հանցագործ է անվանում. «Դա արդեն իսկ լուրջ վերաբերմունք և լուրջ պիտակավորում է»,–ասաց նա։
Փոխնախարարն էլ արձագանքեց, որ ինքը միայն երևույթը նկատի ուներ և հայցեց գործընկերոջ ներողամտությունը՝ իրավաբանական սխալ տերմիններ կիրառելու համար։
Արմեն Պողոսյանն իր փաստարկները փորձեց հիմնավորել՝ օրինակ բերելով առողջապահական ծառայությունները․ պլաստիկ վիրահատության համար սահմանված ցածր հարկային բեռը տեղին չէ, քանի որ դրա կարիքն այդ ծառայություններից օգտվողները չունեն. «Բոլոր տեսակի առողջապահական ծառայություններն ազատված են ԱԱՀ–ից՝ պլաստիկ վիրահատությունից մինչև առաջին անհրաժեշտության առողջապահական ծառայությունները։ Ազգովի սուբսիդավորում ենք մեկին, որ գնա իր բարեմասնությունները կարգի բերի, նորմա՞լ է, որ չենք կարողանում սրտի ստենտավորումը 100%-ով պետպատվերով ապահովել, բայց սուբսիդավորում ենք մարդկանց, որի կարիքն ընդհանրապես չունեն»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը