09  01  2019

Երևանը գազի գինը չի բարձրացնի, սակայն «Գազպրոմ»-ը կարող է նվազեցնել ներդրումները. «Կոմերսանտ»

Երևանը գազի գինը չի բարձրացնի, սակայն «Գազպրոմ»-ը կարող է նվազեցնել ներդրումները. «Կոմերսանտ»

«Գազպրոմ Արմենիա»-ի համար գազի գնի 10%-ի չափով թանկացումից հետո ռուսական կողմը կարող է կրճատել Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալը: Նման կանխատեսմամբ է հանդես եկել «Կոմերսանտ» պարբերականը՝ անդրադառնալով գազի գնի թանկացման հնարավոր հետևանքներին:

 Այս տարվա հունվարի մեկից Գազպրոմը Հայաստանին վաճառվող գազի գինը թանկացրեց 10%-ով՝ 1000 խմ-ի դիմաց սահմանելով 165 դոլար: Սակայն ՀՀ իշխանությունները հավաստիացնում են, որ գազի գինը թանկանալու է միայն «Գազպրոմ Արմենիա»-ի համար, և այն չի ազդելու հայաստանյան սպառողների վրա: Սա տեղի է ունենալու որոշակի ներքին կարգավորումների շնորհիվ: Մյուս կողմից գազի գնի թեման վերջնական փակված չէ և կառավարությունը նոր բանակցություններ է սկսում ռուսական կողմի հետ:

 Նշվում է, որ Հայաստանին գազի միակ մատակարարը «Գազպրոմ»-ն է, որի հետ «Գազպրոմ Արմենիա» դուստր ընկերությունը 2013թ. պայմանագիր է կնքել 2014-2018թթ. տարեկան մինչև 2,5 մլրդ խմ ծավալով վառելիքի մատակարարման շուրջ:

ՀՀ երրորդ նախագահի օրոք կնքված պայմանագիրը լրացնող համաձայնագիրը «Գազպրոմ»-ն արդեն ստիպված է եղել կնքել ՀՀ նոր իշխանությունների հետ:

«2018թ. գարնանը տեղի ունեցած հեղաշրջումից հետո ՀՀ վարչապետ է դարձել ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, ինչից հետո պաշտոնական Երևանի հարաբերությունները ռուսական պետական կառույցների հետ բարդացել են: Նախորդ տարվա հուլիսին Պետեկամուտների կոմիտեն հարկային խախտումներ է բացահատել մի շարք գազային ընկերություններում, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա»-ում ու դրա դուստր ընկերություն «Ավտոգազ»-ում»,-նշում է «Կոմերսանտ»-ը:

«Գազպրոմ»-ից Երևանի հետ բանակցությունները չեն մեկնաբանել, մինչդեռ ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազույցում հայտարարել է, որ կառավարության և «Գազպրոմ Արմենիա»-ի միջև սպառողների համար գազի գնի շուրջ քննարկումը կարող է ամիսներ տևել:

Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը ռուսական ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում մանրամասնել է, որ պետության սուբսիդավորում չի լինի. գազի սակագները պահպանվելու են «ներքին կարգավորումների շնորհիվ»:

Այս առնչությամբ «Կոմերսանտ»-ը ներկայացրել է նաև ռուս փորձագետների կարծիքը: Մասնավորապես՝ «Ռայֆֆայզենբանկ»-ից Անդրեյ Պոլիշչուկը գտնում է, որ «Գազպրոմ»-ի ու ՀՀ իշխանությունների նոր պայմանավորվածությունները կարող են հանգեցնել «Գազպրոմ Արմենիա»-ի մարժայի կրճատմանը, սակայն դա կրիտիկական բնույթ չի կրի:

 «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամ»-ի ներկայացուցիչ Ալեքսեյ Գրիվաչը ենթադրում է, որ մասամբ չեղարկվել է զեղչը, որը «Գազպրոմ»-ը տրամադրում էր «Գազպրոմ Արմենիա»-ին ՀՀ-ում ենթակառուցվածքային զարգացմանն ուղղված ներդրումների իրականացման համար:

 «Ստեղծված իրավիճակում, երբ նոր իշխանությունները կտրուկ քայլեր են ձեռնարկել «Գազպրոմ»-ի դուստր ընկերության դեմ, տարօրինակ կլիներ ակնկալել Հայաստանում ռեսուրսի պահպանում»,- նշել է փորձագետը՝ հավելելով, որ դա կարող է հետագա քննարկումների առարկա դառնալ:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ