24 12 2018

FOREX-ում գործարքները ռիսկային են․ ԿԲ-ն խիստ միջոցներ է ձեռնարկել

FOREX-ում գործարքները ռիսկային են․ ԿԲ-ն խիստ միջոցներ է ձեռնարկել

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել FOREX շուկային մուտքի տրամադրման ծառայությունների վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է. «Վերջին տարիներին ակտիվացել են Հայաստանի Հանրապետությունում տարբեր անձանց կողմից FOREX շուկային մուտքի տրամադրման ծառայությունների առաջարկները:

FOREX շուկայում լևերիջով գործարքները համարվում են բարձր ռիսկային գործարքներ, և պարունակում են ներդրողների միջոցների կորստի իրական վտանգներ: Լևերիջով գործարքների դեպքում ներդրողին թույլատրվում է իրականացնել իր կողմից նախապես ներդրված գումարը բազմապատիկ (մի քանի հարյուր) անգամ գերազանցող ծավալով գործարքներ: Դրանք իրականացվում են ածանցյալ ֆինանսական գործիքների օգտագործմամբ:

Սովորաբար նման ներդրում կամ առևտուր կատարելու առաջարկները մոլորեցնում են ներդրողին` խոստանալով հեշտ եկամուտներ, ինչը չի համապատասխանում իրականությանը: Ավելին, ներդրողի կորուստը կարող է լինել ավելին, քան ներդրված գումարն է: Այս շուկան զերծ չէ նաև չարաշահումներից. ներդրողը հաճախ գործնականում հնարավորություն չի ունենում պարզելու, թե որտեղ են պահվում իր դրամական ներդրումները և հաճախ են դեպքերը, երբ ներդրողը չի կարողանում հետ ստանալ իր գումարը:Հաշվի առնելով վերոնշյալ ռիսկերը, Կենտրոնական բանկը սահմանել է խիստ պահանջներ FOREX շուկայում լևերիջով գործարքների հետ կապված ներդրումային ծառայությունների մատուցման համար:

Մասնավորապես, այդպիսի ծառայությունները թույլատրվում է մատուցել միայն պրոֆեսիոնալ հաճախորդներին, այսինքն՝ այնպիսի հաճախորդներին, ովքեր ունեն համապատասխան փորձ և գիտելիքներ այդ գործարքներից բխող ռիսկերը հասկանալու և ինքնուրույն ներդրումային որոշումներ կայացնելու համար:

Պրոֆեսիոնալ հաճախորդ չհանդիսացող անձանց FOREX շուկայում լևերիջով գործարքների հետ կապված ներդրումային ծառայությունների մատուցումն արգելվում է:Միևնույն ժամանակ, ներդրվել են պրոֆեսիոնալ հաճախորդների շահերի պաշտպանության համար անհրաժեշտ ռիսկերի զսպման մեխանիզմներ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ