Ամուլսարի գործով օբյեկտիվ ու անկախ փորձաքննությունը պետք է հարցին սպառիչ պատասխան տա: Մտահոգիչը, սակայն, այդ փորձաքննության ժամկետների ձգձգումն է, ինչը վատ է։ Yerevan.Today-ի հարցին այսպես պատասխանեց տնտեսագետ, բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը։ «Ամեն օրը բերում է բացասական էֆեկտ երկրի ներդրումային վիճակի վրա»,- ասաց Մինասյանը՝ հավելելով․ «Իմ ուսումնասիրած շրջանում մենք չենք հայտնաբերել որևէ այնպիսի օրենսդրական խախտում, որը հիմք կտար չեղարկելու եղրակացությունը, բայց չի նշանակում, թե իդեալական էր ամեն ինչ»։
Արծվիկ Մինասյանի խոսքով, փորձ է արվում անպայման հակադրել տնտեսական զարգացումը բնապահպանության հետ, այնինչ խնդիրը պետք է լինի շահերի համադրումը, ոչ թե հակադրումը: «Ամուլսարը դրա լավ օրինակներից մկեկն է, որ կարող է լինել համադրում, ոչ թե հակադրում: Ամեն ինչ պետք չէ բացառման սկզբունքով տանել»,- ասաց նա: Տնտեսագետ, վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանի տեսակետին, թե մինչև գարուն կլուծվի փորձաքննության հարցը, Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ շատ ուշ է։ «Մենք երկու ծայրահեղության մեջ ենք․ մեկ անխնա շահագործում ենք հանքերը, մեկ էլ ասում ենք՝ վերջ, այլևս չենք շահագործելու: Միանշանակ է՝ բնությունը պետք է օգտագործվի, ընդերքը պետք է օգտագործվի, բայց՝ չափի մեջ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը