23 11 2018

Մեզ մոտ 350 հազար մարդ գրանցված է որպես դեբիլ․ Հրանտ Բագրատյան․ News.am



ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը NEWS.am-ի հետ հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի տնտեսական իրավիճակին։

«Տնտեսական հեղափոխություն ընդհանրապես չի լինում՝ դրանք էժան, ժողովրդի ականջին հաշվարկված բառեր են։ Տնտեսությունը էվոլյուցիոն համակարգ է, տնտեսությունը ռևոլյուցիաներ չի սիրում, տնտեսությունը ավելի բարդ է, պետք է կարողանալ տնտեսությունը զարգացնել այնպես, որ երկար ժամանակում ստացվի որակական փոփոխություն»,- ասել է Հրանտ Բագրատյանը։

Դիտարկմանը, թե նախորդ իշխանությունները 7․5 տոկոս աճ են թողել, իսկ նորը խոստանում է 4,9 տոկոս աճ, տնտեսագետն ասել է․ «7,5 տոկոսը նույնքան մանիպուլյացիա ունի, որքան 4,9 տոկոսը կունենա ապագայում։ Բայց հիմա 7,5 թվի պատասխանատուն ոչ թե նախորդ իշխանություններն են, այլ Նիկոլ Փաշինյանը՝ ինքը վերանշանակել է ԱՎԾ–ի պետին։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո այդ թիվը չի փոխվել։ Սա արդեն Նիկոլ Փաշինյանի թիվն է։ Այնքանով, որքանով այս տարվա տնտեսական աճը՝ 10 ամսում 6 տոկոս, որը կտրուկ իջավ, որովհետև առաջին 4 ամիսը ընդհանրապես 10 տոկոս էր. սրա պատասխանատուն նույնպես Փաշինյանն է, նոր իշխանություններն են։

Մյուս տարվա մասին ասում են 4,9 տոկոս։ Այդ 4,9 տոկոսը վկայում է, որ ոչ միայն ոչ մի հեղափոխություն չկա, այլ որ աճի դինամիկա էլ չկա, անգամ էվոլյուցիա չկա, էլ չենք խոսում ռևոլյուցիայի մասին»։

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, նախկին վարչապետն ասել է․ «Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարից անցել է 6 ամիս, ոչ մի քայլ դեռ արված չէ։ Կաշառակերության, տարբեր խարդախությունների միջոցով բյուջե են վերադարձել 12 միլիարդ դրամ՝ 25 միլիոն դոլար։ Եթե այդ թիվը վերցնենք, 2013–ին էլի բյուջե էին վերադարձնում, նույն կարգի թվեր են։ Ոչ մի կոռուպցիոն գործարք մեզ մոտ գոյություն չունի այս պահի դրությամբ»։

«Այսօրվա կառավարության ներկայացուցիչները նախորդի չափ էլ չկան։

Այս բառերն ասում եմ, սովորաբար ասում են՝ պաշտոն ես ուզում։ Ես պաշտոն չեմ ուզում, հարյուր անգամ ասել եմ՝ ինձ պաշտոնի առաջարկով չդիմեք։ Ես պարզապես ափսոս եմ համարում, որ մենք ունենք ԱՊՀ երկրների մեջ ամենավատ տնտեսագիտական թիմը։ Ո՛չ վարչապետը, ո՛չ նրա 3 տեղակալները տնտեսագետ չեն։ Ֆինանսների նախարարը տնտեսագետ չէ, էկոնոմիկայի նախարարը ֆինանսիստ է, գուցե ոչ վատ ֆինանսիստ։ Միակ մարդը, որ գոնե կրթական ցենզով համապատասխանում է պաշտոնին Հարկային տեսչության պետն է։ Սրանք կարևոր հարցեր են, էդպես չի լինում։ Հիմա բերում ենք լեզվաբանին կամ պատմաբանին դնում ենք փոխվարչապետ, ասում ենք՝ կառավարիր, էն մարդը չի հասկանում, ոչ մի հարց չի լուծվում»,- ասել է Հրանտ Բագրատյանը։

Հրանտ Բագրատյանը չի ընդունում նաև վարվող ներդրումային քաղաքականությունը։ «Փաշինյանը գնում, ասում է՝ մենք հիմա աշխատում ենք 500 միլիոն ներդրումի վրա։ Ուզում եմ ասել Փաշինյանին՝ Հայաստանում, եղբայր, պիտի լիներ ֆոնդային բորսա։ Ներդրման վրա չեն աշխատում, ներդրողը գալիս է, 5 ժամում ներդրումը կատարում է, մտնում է ֆոնդային բորսա, գնում է բաժնեթղթերը ու դուրս է գալիս։ Գնում է, օրինակ, «Ալեքս Գրիգի» բաժնեթղթերը, և հանկարծ Սամվել Ալեքսանյանը հայտնաբերում է, որ իր «Ալեքս Գրիգը» ուրիշը գնել է։ Սա է ներդրումը։ Այսօր ֆոնդային բորսայում 2 բան կա՝ Հայէկոնոմբանկը և ԱրցախՀԷԿ–ը։ Եղբայր, ներդրում ես ուզում՝ կարգի բեր։ Կանչիր ԿԲ նախագահին, ասա՝ եղբայր, օրենքով սա քեզ են տվել, ինչո՞ւ ոչինչ չես արել, ինչո՞ւ մեզ մոտ ֆոնդային բորսան ավելի թույլ է, քան Գազայի հատվածում։

Բայց իրենք չեն հասկանում։ Ես ձեզ հարցազրույց եմ տալիս, ԿԲ նախագահը փոխանակ փաստերիս պատասխանի, ասում է՝ մանիպուլյատոր է։ Ձեռ են առել իրենց, իրենք չեն հասկանում՝ ով ով է։ Չեն հասկանում՝ ո՛վ է տնտեսագետ, ո՛վ՝ ոչ, ո՛վ է Բագրատյանը։ Իրենց նույնիսկ տրված չէ, չեմ ասում ճիշտ քայլ անելու, հասկանալու մարդուն։

Փաշինյանը հայտարարում է 350 հազար մարդ աշխատում է, 800 հազար մարդ պահում։ Այդպիսի թվեր պաշտոնակապես հայտարարված չկան։ Գրազ եմ գալիս, որ 350+800 թիվ մենք չունենք ընդհանրապես։ Ի դեպ, մենք լուրջ պրոբլեմ ունենք աշխատուժի վիճակագրության մեջ։ Մեզ մոտ տնտեսապես ակտիվ բնակչության մեջ 350 հազար մարդ պակասում է։ Դա այն դեպքն է, որ ըստ հոդվածի, համաձայն օրենքի, միջազգայնորեն, դրանք անաշխատունակներն են, դեբիլներն են։ Մեզ մոտ 350 հազար մարդ գրանցված է որպես դեբիլ։ Չկա կառավարությունում մեկը, որ մի օր ասի՝ ա՛յ Բագրատյան, արի, ա՛յ վիճակագրության վարչության պետ՝ արի, մի հատ նստենք, տենանք էս ի՞նչ եք ասում։ Ա՛յ մարդ, կարգի բերեք վիճակագրությունը։ 2 մլն 900 հազար բնակչություն ունենալու դեպքում 1 մլն 150 հազար ակտիվ բնակչություն չի լինում, 1 մլն 650 հազարից պակաս չպետք է լիներ»։

Մանրամասն՝ News.am-ի տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ