22 11 2018

Տնտեսական քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կա. Սուրեն Պարսյան

Տնտեսական քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կա. Սուրեն Պարսյան

2019-ի պետական բյուջեի նախագծով կանխատեսվում է, որ 2018-ը պետք է ավարտենք 6.5 տնտեսական աճով, ինչը իրատեսական չէ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Նա նշեց, որ տնտեսական քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կա, հատկապես, որ ՀՀ տնտեսության լոկոմոտիվը շարունակում է մնալ հանքարդյունաբերության ոլորտը, ոչ թե, ըստ տնտեսագետի, փողկապի կամ գուլպայի արտադրությունը:

«2018-ին արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառության աճի տեմպը նվազել է 1.7 տոկոսով: 10 ամսվա կտրվածքով` ունենք 2.7 տոկոս գնաճ: Աճել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները՝ տավարի, ոչխարի, խոզի մսի, մակարոնեղենի և այլն: Սրա հետ մեկտեղ 1000 դրամի չափով նվազել է միջին անվանական աշխատավարձը՝ թե' մասնավոր, թե' պետական սեկտորում: Մասնավոր սեկտորում սա պայմանավորված է ներդրումների ծավալի կրճատումով, իսկ պետականում ես դա կապում եմ պարգևավճարների և հավելավճարների հետ: Մյուս կողմից ունենք նախկինում չգրանցված 37.000 աշխատողի գրանցման փաստ, որոնց աշխատավարձը ցածրով է գրանցվել, այդ իսկ պատճառով նաև տեսակարար կշռում ունենք ցածր աշխատավարձերի փաստերի աճ: Կառավարությունը չի վարում աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն և հստակ ասում է՝ աշխատավարձի բարձրացում նախատեսված չէ»,- շեշտեց տնտեսագետը:

Նա անդրադարձավ նաև Հարկային օրենսգրքին՝ նշելով, որ փաթեթը նախատեսում է այլ հարկադրույքաչափերի բարձրացում: Նախատեսված է եկամտահարկի դրույքաչափը նվազեցնել 28-ից 23 տոկոս, սակայն նույն փաթեթի մեջ ներառված է, որ պետք է ավելացվեն մի շարք այլ անուղղակի հարկերը, օրինակ՝ ակցիզայինը:

Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին` տնտեսագետը նշեց, որ ներկայիս իշխանությունները շարունակում են նախորդների քաղաքականությունը, ինչը ոչ այլ ինչ է, եթե ոչ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին մատուցված մեծ նվեր:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ