ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը մտահոգություն է հայտնում, որ ՀՀ–ում տնտեսական աճի տեմպը շարունակում է նվազել։ Բագրատյանը գտնում է, որ մինչև տարվա վերջ այն նվազելու է, իսկ 2019-ի առաջին կեսին հնարավոր է բացարձակ անկում։ Այս մասին Հրանտ Բագրատյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։
«ԱՎԾ-ն հրապարակել է 2018-ի հունվար-հոկտեմբերի մակրոտնտեսական թվերը։ Ինչպես և կանխատեսել էի մեկ ամիս առաջ, տնտեսական աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ 6%։ Թավշյա հեղափոխությունը Կ.Կարապետյանից ստացել էր 9.7% աճ։ Մինչև տարվա վերջ աճի տեմպը կշարունակի նվազել։
Հնարավոր է բացարձակ անկում 2019-ի առաջին կեսին։ Եթե անկում սկսվի, դժվար կլինի վերականգնել։ Ոչինչ ավելի վատ չէ, քան անկում ապրող տնտեսությունը և/կամ նահանջող բանակը։ Սա պարզապես զգուշացում է։ Որոշ ոչ բանիմաց տնտեսագետներ ու պատմաբաններ մամուլում, դասագրքերում «մտքեր են շաղ տալիս» առ այն, որ 90-ականներին Հայաստանն ամենաշատ անկում ունեցող հանրապետությունն է եղել։
Չնայած իմ վարչապետության օրոք ընդհանուր առմամբ տնտեսական աճ է եղել, անկումը եղել է 1992-ին, այնուամենայնիվ պետք է նշեմ, որ կա ՀԲ տվյալների բազան։ Դրանից բխում է, որ 90-ականներին ամենաշատ տնտեսական անկումը եղել է Վրաստանում (72%), ապա Տաջիկստանում (71%), ապա Մոլդովայում (70%), Ուկրաինայում (69%), Ադրբեջանում (59%) և Ղրղզստանում (55%)։ Հայաստանում անկումը կազմել է 53% (հիմնականում 1992-ին)։
ԱՊՀ երկրների մեջ Հայաստանն առաջինն է տնտեսական աճ ունեցել 1994-ին՝ պատերազմի ժամանակ՝ 5,4%։ Այդ նույն 1994-ին Վրաստանն ունեցել անկում -10%, իսկ Ադրբեջանը՝ -19,7%։ Հատկապես պատմաբաններին խորհուրդ կտայի նման անկապ մտքեր գրառելիս պատշաճ օգտվել վիճակագրական աղբյուրներից։ Մենք դեռ կենդանի ենք։ Պատմությունը կարող եք կեղծել մեզանից հետո»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը