Ալավերդիի պղնձաձուլական գործարանը վաղ թե ուշ պետք է փակվի կամ մոդեռնիզացվի։ Այս մասին նոյեմբերի 2–ին լրագրողների հետ զրույցում փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։
Նա հայտնեց, որ գործարանի աշխատանքը շարունակելու վերաբերյալ իրենք քննարկումներ են ունեցել «Վալլեքս գրուպի» և ՎՏԲ բանկի հետ և այստեղ խնդիրը ոչ այնքան Կառավարության հետ է կապված, այլ դատական վեճի, որ գոյություն ունի երկու ընկերությունների միջև։
«Մենք մեզանից կախված ամեն ինչ անելու ենք խնդիրը լուծելու համար։ Պղնձաձուլական գործարանը վաղ թե ուշ կամ պետք է փակվի, կամ մոդեռնիզացվի, բայց այս փուլում քննարկվում է շահագործման հարցը, մոդեռնիզացիայի եւ բնապահպանական խնդիրների նվազեցման հարցը»,– ասաց Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրինությունը լուրջ ֆինանսական խնդիրների առջև է կանգնած: Հոկտեմբերի 19-ին ընկերությունը պաշտոնապես կասեցրել է իր գործունեությունը։ Ըստ որոշ տեղեկությունների՝ գործարանն արդեն հանդիսանում է ՎՏԲ-Հայաստան բանկի սեփականությունը: Այս տեղեկությունը բողոքի ալիք եւ անհանգստություն է առաջացրել գործարանի աշխատակիցների մոտ:
Ավինյանն անդրադարձավ նաև վերջերս իր մասին արված տարբեր նյութերին: Մասնավորապես, «Հետքը» հրապարակել էր, որ Տիգրան Ավինյանի հիմնադրած ընկերությունը 35 հազար դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից։ Գրանտը ստանալու համար ընկերությունը դիմել էր այս տարվա փետրվարին, երբ Ավինյանը Երեւանի ավագանու անդամ էր, իսկ գրանտը հաղթել է մայիսի վերջին, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր։
Ավինյանը նշեց, որ «Իրիգեյթ» ընկերության շահած դրամաշնորհի վերաբերյալ ամբողջական գործընթացը մեր գրասենյակը ներկայացրել է, այն մարդիկ, ում իրապես հետաքրքիր է ճշմարտությունը, կարող են այդ գործընթացին ծանոթանալ և տեսնել, որ այնտեղ որևէ շահերի բախում չկա։ ։
Ճշտող հարցին՝ իր կարծիքով հոդվածը պատվիրվա՞ծ է եղել, Տիգրան Ավինյանը պատասխանեց.
«Տարատեսակ նյութեր են հրապարակվել իմ մասին և ունեմ հիմնավոր կասկածներ, որ այդ նյութերի մի մասը կարող է լինել պատվիրված։ Հնարավոր է՝ նման թեմաները զարգացնողները լինեն համակարգից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը