Ծանոթանալով Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի համացանցում հեռարձակվող 2-րդ նիստի ժամանակ հանձնաժողովի նախագահ, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հայտարարությանը գազի գնման գնի 150 դոլարից 135 դոլար վերջին իջեցման վերաբերյալ,
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն հայտարարում է՝
1. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն երբևէ 135 դոլարով բնական գազ չի գնել:
Համաձայն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ և «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ գործող պայմանագրի Հայաստանի Հանրապետություն մատակարարվող 1 հազ.խմ բնական գազի գնման գինը դեռևս 2016թ. ապրիլի 1-ից մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը՝ 2018թ. վերջ, կազմում է 150 ԱՄՆ դոլար:
2. Վերջին երկու տարվա ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն ապահովել է գազի սակագների հետևյալ նվազեցումները՝
2016 հուլիսի 1-ից՝ կապված գազի գնման գնի 165 դոլարից 150 դոլար նվազեցման հետ`
— բնակչության համար 6%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 156 դրամից 146.7 դրամ),
— ընդհանուր միջին սակագինը շուրջ 12%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 311.58 դոլարից 274.47 դոլար):
2017 հունվարի 1-ից՝ գազի գնման գնի անփոփոխ մնալու պարագայում՝
— բնակչության համար 5.3%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 146.7 դրամից 139.0 դրամ),
— ընդհանուր միջին սակագինը շուրջ 7.1%-ով (ներառյալ ԱԱՀ՝ 274.47 դոլարից 255.06 դոլար):
Այսինքն, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն ոչ թե գազի գնման գնի 150 դոլարից 135 դոլարի նվազեցման պարագայում (ինչը իրականում տեղի չի ունեցել) չի նվազեցրել վաճառքի սակագները (ինչպես հնչել է հայտարարության մեջ), այլ ճշգրիտ հակառակը՝ գազի գնման գնի 150 դոլար անփոփոխ մնալու պարագայում 2017թ. հունվարի 1-ից շուրջ 7.1%-ով նվազեցրել է ներքին շուկայում գազի սակագները, ակնկալելով, որ նվազեցման հետևանքով չստացված հասույթի (տարեկան շուրջ 13,4 մլրդ դրամ, առանց ԱԱՀ) փոխհատուցումը պետք է ապահովվի գազի սպառման ծավալների ավելացման շնորհիվ, հակառակ դեպքում, չստացված հասույթը պետք է փոխհատուցվի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ միակ բաժնետեր՝ «Գազպրոմ» ՀԲԸ կողմից, ինչը և ներկայումս իրականացվում է:
Ընկերության կարծիքով ԱԺ Քննիչ հանձնաժողովին տրվել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն, որի հիման վրա արվել է հասարակությանը ապատեղեկացնող հայտարարություն:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ—ն ստացել է Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցով ԱԺ Քննիչ հանձնաժողովի հարցաշարը, այդ թվում գազի գնման և վաճառքի գների մասով, և պատասխանները ամբողջական ծավալով կներկայացվեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը