Միասնական արժույթի ներդրումը Եվրասիական տնտեսական միության օրակարգում չկա։ Այս մասին Երևանում հոկտեմբերի 22-24–ը անցկացվող «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան:
Ինչպես նշել է նա, այդ թեման ներառված չէ օրակարգում բազմաթիվ պատճառներով, որոնցից մեկն այն է, որ նույնիսկ ԵՄ–ում, որում գործում է միասնական արժույթ, մանրամասն պատրաստվել են դրան։
«Ես պարզապես ժպտում եմ, երբ խոսում են ԵՏՄ–ում միասնական արժույթի մասին, քանի որ ԵՏՄ–ում միասնական արժույթ ներդնելու մասին ոչ ոք չի խոսում, բացի լրագրողներից»,–նշել է նա՝ հավելելով, որ այդ հարցը համաժողովի գլխավոր թեմաներից մեկն է դարձել։
Երկրորդ թեման, որը կքննարկվի «Եվրասիական շաբաթի» շրջանակում, մինչեւ 2025 թվականն ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումն է։
«Շատ կարեւոր հավակնոտ նախագիծ է, որի շրջանակներում ենթադրվում է ազգային արժույթների օգտագործման ընդլայնում, մասնավորապես, հաշվարկների դեդոլարիզացիան և հաշվարկներում ազգային արժույթները օգտագործումը»,–նշել է Վալովայան՝ հավելելով, որ ԵՏՄ բոլոր երկրներում միջոցառումներ են անցկացվում պարզելու նպատակով, թե ինչ է տեղի ունենում կրիպտոարժույթների ոլորտում եւ ինչպես այն կազդի եվրասիական տիրույթում մակրոտնտեսական կայունության վրա, կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման ինչ ընդհանուր մոտեցումներ կարելի կլինի քննարկել։
«Խոսքը դրա մասին է, ոչ թե կրիպտոարժույթը որպես ԵՏՄ միասնական արժույթ ներդնելու»,–շեշտել է Վալովայան։
Ըստ նրա՝ համաժողովի շրջանակներում նաեւ քննարկվում է այն, որ ԵՏՄ ստեղծման պահից աշխարհը փոխվե լէ եւ պետք է հասկանալ, թե ինչպես պետք է ներգրավվել նոր տնտեսության մեջ։
«Մենք խոսել ենք Եվրասիական մայրցամաքային գործընկերության ուրվագծերի մասին, այսինքն՝ ԵՏՄ–ի եւ Ասիայի, Եվրոպայի, Չինաստանի, Շանհայի համագործակցության կազմակերպության մեր գործընկերների միջեւ երկխոսության կառուցմասն մասին»,–ասել է ԵՏՀ ներկայացուցիչը:
«Մենք նաեւ քննարկել ենք ինտեգրման խորացման հարցը, ռազմավարական առումով առաջ շարժվելու անհրաժեշտությունը՝ նորարարության եւ ներդրումների ներգրավման տարածք դառնալու համար, եւ որ մեր քաղաքացիների համար ԵՏՄ–ի իրական արդյունքները տեսանելի լինեն» ,–նշել է նա։
Եվրասիական ինտեգրման դեմքը, նրա խոսքով, կարող են դառնալ խոշոր ենթակառուցվածքային արդյունաբերական ծրագրերը:
«Եթե խոսենք խոչընդոտների մասին, ապա բիզնեսը միշտ արդարացիորեն նշում է, որ ընդհանուր տնտեսական տարածքը դեռեւս գործում է որոշակի շեղումներով եւ սահմանափակումներով, պարբերաբար ծագում են խոչընդոտներ, ընդ որում, երբ պայքարում ենք մի խոչընդոտի դեմ, այլ խոչընդոտներ են առաջանում»,–նկատել է նա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Տատյանա Վալովայան նաև նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած ներքին փոփոխությունները որևէ կերպ չեն խանգարում Եվրասիական տնտեսական միության աշխատանքներին:
«Եվրասիական տնտեսական միության բոլոր կառույցներում Հայաստանի ներկայացուցիչները շատ ակտիվ աշխատում են: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ մայիսին կայացած նիստին, որին մասնակցում էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մենք հաստատել ենք մի զեկույց, որը պատրաստել էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Հայաստանի կառավարությունը. Դրանում ամփոփված են վերջին երկու տարիներին կատարված աշխատանքներին Հայաստանի մասնակցության նախնական արդյունքները, որոնք շատ դրական են»,- ասաց Վալովայան:
Նա հավելեց, որ աշխատանքներն ակտիվ շարունակվում են, և որևէ խնդիր չկա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը