ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ալավերդու պղնձաձուլարանի փակմանը վերաբերող հարցերին:
«Ցանկանում եմ ընդգծել, որ Ալավերդու պղնձաձուլարանի հետ կապված մենք լուծումներ ենք փնտրում և ամենօրյա կապի մեջ ենք «Վալլեքս» խմբի ղեկավարության հետ: Արդեն իսկ ունենք մի շարք առաջարկներ, որոնք նախատեսում ենք քննարկել երկուշաբթի օրը, երբ կկայանա փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հերթական հանդիպումը:
Նշեմ, որ ավելի վաղ նախատեսվող հանդիպումը հետաձգվել է մինչ երկուշաբթի, քանի որ պարոն Մեջլումյանը բացակայում է Հայաստանից: Բացի այդ, այսօր երեկոյան ընդունելու եմ Ալավերդու պղնձաձուլարանի մի խումբ աշխատակիցների՝ նրանց հուզող հիմնախնդիրները լսելու նպատակով», - նշել է նա:
Հիշեցնենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանն հոկտեմբերի 19-ից տեխնիկապես չի աշխատում: Գործարանի աշխատակիցները մի քանի ժամ փակ էին պահել Ալավերդու միջպետական ճանապարհը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը