20 08 2018

ՊԵԿ-ն ամփոփել է վերջին 7 ամիսը․ մուտքերը կազմել են 766 մլրդ դրամ

ՊԵԿ-ն ամփոփել է վերջին 7 ամիսը․ մուտքերը կազմել են 766 մլրդ դրամ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը «Մոսկվա» կինոթատրոնում հանդիպում է անցկացրել համակարգի շուրջ 500 աշխատակիցների հետ՝ թիրախավորելով երեք հիմնական նկատառումներ։ Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Կոմիտեի ղեկավարը նախ ամփոփել է անցած 7 ամիսների հարկային եկամուտների մասով համախառն մուտքերը, ապա  ներկայացրել է պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորման ռազմավարությունը և բիզնեսի հանդեպ ՊԵԿ-ի սկզբունքային մոտեցումները:

Ամփոփելով անցած 7 ամիսները՝ Դավիթ Անանյանը նշել է, որ պետական բյուջեի հարկային եկամուտների մասով համախառն մուտքերն արդեն կազմել են շուրջ 766 մլրդ դրամ` 2017թ. նույն ժամանակաշրջանի` 660 մլրդ դրամի փոխարեն։ Կամ համախառն հարկային և մաքսային եկամուտների գծով ներհոսքն աճել է շուրջ 106 մլրդ դրամով:

«Եթե հաշվի առնենք, որ պետբյուջեի հարկային եկամուտների՝ 2018թ.-ի ծրագրային ցուցանիշը 1 տրիլիոն 248.5 մլրդ դրամ է՝ 107.5 միլիարդով ավելի 2017թ.-ի փաստացի ցուցանիշից, ապա բոլորիս ջանքերով այդ լրացուցիչ ցուցանիշն, ըստ էության, արդեն կատարվել է 7 ամսվա կտրվածքով։ Սա լավ աշխատանք է»,-նկատել է կոմիտեի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով համակարգի աշխատակիցներին համատեղ ձեռքբերումների համար։

Անդրադառնալով պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորմանը և հատկապես ամսական պլանի մեծության հիմքում դրված մեթոդաբանությանը ` ՊԵԿ նախագահը ընդգծել է, որ պլանների հիմքում դրված են մեր պետության մակրոտնտեսական ցոււցանիշների հիման վրա կատարվող կանխատեսումներն ու հաշվարկները, որտեղ ամենակարևորը համախառն ներքին արդյունքի ցուցանիշն է. «2018թ.-ին հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմում 20.6%, 2019-ին՝ 21%: Հարկերի հավաքագրման տեսանկյունից հետևապես, ամենակարևոր ցուցանիշը ՀՆԱ-ն է, այսինքն ՝մեր ամենակարևոր առաքելությունը տնտեսական աճով պայմանավորված հարկային եկամուտներ ապահովելն է և ստվերի կրճատման հաշվին հարկային եկամուտների  աճը»:

Դավիթ Անանյանը համակարգի աշխատակիցներին է ներկայացրել նաև բիզնեսի հանդեպ սկզբունքային մոտեցումները. ՊԵԿ-ը պետք է դառնա բիզնեսին աջակցող մարմին, ինչի արդյունքում կփոխվեն նաև կառույցի մասին հանրային ընկալումները. «Եթե ուզում ենք բյուջետային եկամուտներն ապահովել, պետք է վերանայենք մեր վերաբերմունքը բիզնեսի հանդեպ: Հարկային ստուգումների ժամանակ ամեն գնով տուգանելու մոլուցքը պետք է արմատախիլ անել»,-հանձնարարել է կոմիտեի ղեկավարը` նշելով, որ բիզնեսին չխոչընդոտելու արդյունքում ձևավորվելու է առողջ բիզնես միջավայր՝ հանգեցնելով ՀՆԱ-ի՝ ըստ էության, բիզնեսի ստեղծած արդյունքի աճին։

Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ ՊԵԿ-ը ոչ թե քաղաքականություն մշակող, այլ վարչարարություն իրականացնող մարմին է, ուստի պետք է առաջնորդվի գործող օրենսդրությամբ: Դավիթ Անանյանը հորդորել է աշխատակիցներին առաջնորդվել «օրենսդրությունը կիրառելը՝ պարտականություն է անկախ հանգամանքից այն լավն է, թե՝ վատը» նշանաբանով:

Դավիթ Անանյանը տեղեկացրել է, որ ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության ընդգրկմամբ ՀՀ կառավարությունում ներկայումս քննարկվում են ՀՀ հարկային օրենսգրքում հիմնարար փոփոխություններ կատարելու հիմնական ուղղությունները՝ կապված հարկման ռեժիմները պարզեցնելու հետ։

Հանդիպման ավարտին ՊԵԿ նախագահը հորդորել է աշխատակիցներին վերադասավորումներ անել հարկային և մաքսային ծառայողի վերաբերմունքում և գործելաոճում, բացառել կոռուպցիոն դրսևորումները և գիտակցել պաշտոնական պարտականությունների կատարման առումով պետության ակնկալիքները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ