Օգոստոսի 8-ին Մոսկովյան բորսայում ռուբլին դոլարի և եվրոյի նկատմամբ անկում է գրանցել 1,3 տոկոսով: Եղել են դեպքեր, երբ ռուսական արժույթը նվազել է՝ հասնելով դոլարի և եվրոյի նկատմամբ համապատասխանաբար 65 և 75 ռուբլուց ցածր ցուցանիշի:
Վերլուծաբանները վաղուց էին կանխատեսում ռուսական արժույթի դիրքերի թուլացումը: Ռուսական ռուբլին նախանձելի կայունություն էր ցուցաբերում արտաքին գործոնների ճնշման տակ, գրում է Gazeta.ru-ն: Մասնագետները փոխարժեքի թուլացումը բացատրում են նրանով, որ բորսայի խաղացողներն այդպիսով արձագանքում են հակառուսական պատժամիջոցների հնարավոր խստացման մասին վերջին օրերի տեղեկություններին:
«ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների խստացումը, որով արգելվում է գործարքներ իրականացնել նոր ռուսական պետական պարտքի հետ, ինչպես նաև առաջարկվում է արգելք դնել ԱՄՆ բանկերում մի շարք ռուսական բանկերի դոլարային հաշվարկների վրա, առաջացրել են ռուսական արժույթի խուճապային վաճառք»,-նշել է վերլուծաբան Վալերի Բեզուգլովը:
Վերլուծաբան Անաստասիա Իգնատենկոն էլ նշել է, որ ամերիկյան օրենքի նախագծում առաջարկվում է նաև ՌԴ-ն դիտարկել որպես «ահաբեկչություն հովանավորող պետություն», ինչը կարող է Ռուսաստանին դասել անվստահելի երկրների շարքին:«Դա ևս վտանգ է պարունակում: Նման հրապարակումներից հետո բորսայի խաղացողները շտապել են և սկսել դոլար ու եվրո գնել, որպեսզի երբ հնարավոր վտանգն իրական դառնա, նրանք ապահովագրված լինեն կտրուկ արժույթային տատանումներից»,- ասել է վերլուծաբանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը