10 07 2018

Բացահայտել են 20 մլրդ դրամ, բյուջե են մուտքագրել 800 մլնը. պարզաբանում

Բացահայտել են 20 մլրդ դրամ, բյուջե են մուտքագրել 800 մլնը. պարզաբանում

«Իրավապահ մարմինների կողմից հարուցված քրեական գործերի շրջանակներում միայն հարկային պարտավորությունների մասով 2 ամսում, հուլիսի 14-ի դրությամբ հաշվարկվել և վերականգնվել է 20  մլրդ 622 մլն դրամի վնաս կամ չվճարված հարկ, որը պետք է վճարվի»: Այս մասին հուլիսի 10-ին, կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ խոսքը 42 մլն դոլարի մասին է:

Խոսելով նոր կառավարության՝ կոռուպցիայի և չարաշահումների դեմ պայքարից, վարչապետը հավելեց, որ այս շարունակական աշխատանքը 1.5 ամսվա ցուցանիշն է: Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև մամուլի այն հրապարակումներին, թե բյուջեում այս պահի դրությամբ գումարների վերադարձված թիվը չի արտահայտվում և ասաց, որ այդտեղ ոչ մի տարօրինակ բան չկա:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն էլ իր հերթին պարզաբանեց, թե ինչու է ավելի քան 20 մլրդ դրամից միայն 800 մլն դրամնը ներառված բյուջեում: «20,622 մլրդ դրամը օր օրի փոփոխվում է, բարձրանալու միտում ունի: Այն 73 ընկերությունների վարքագծի արդյունք է: Մենք կարող ենք դա բաժանել երեք մասի: 800 մլն-ը մուտքագրվել է բյուջե, մոտ 12,7 մլրդ դրամը առաջադրվել է գանձման, իսկ 7 մլրդ դրամի կարգի թիվ նախնական հաշվարկներ են, որոնք փոփոխման ենթակա են, այսինքն քննչական գործողությունների արդյունքում դրանք մեծանալու միտում ունեն… Երբ ասում ենք ունենք վերականգնում, դա դեռ չի նշանակում անմիջական մուտք պետական բյուջե: Մենք տվյալները կհրապարակենք մինչեւ հուլիսի 17-ը», - ասաց Դավիթ Անանյանը:

Փաշինյանը հավելեց նաև, որ եթե արձանագրվել է չվճարված հարկը, այդ ընկերության ներկայացուցիչները տվյալ գումարը մուտք են արել իրենց իսկ ընկերության հաշիվ, որը կալանքի տակ է, այսինքն գտնվում է ԱԱԾ-ի վերահսկողության տակ: Նա հավաստիացրեց, որ ստուգումներից հետո այդ գումարը փաստացի կտեղափոխվի պետական բյուջե:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ