2017 թվականին Հայաստան է այցելել 220 հազար իրանցի զբոսաշրջիկ, ինչը 2016 թվականի համեմատ աճել է 16 տոկոսով: Այս մասին մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանը: Նա վստահեցրեց նաև, որ 2018-ին Նովրուզը նշելու ժամանակահատվածում Իրանից տուրիստական հոսքը 16-20 տոկոսով աճում է:
Իսկ «Տաթև» տուրստական գործակալության տնօրեն, Հայաստանում իրանական «Ասեման», «Մաան», «Դեշմ» ավիաընկերությունների ներկայացուցիչ Արլեն Դավուդյանն էլ տեղեկացրեց, որ այս օրերին ավիաընկերությունները գրանցել են Իրան-Հայաստան ավիաչվերթների հայտերի աննխադեպ թիվ՝ 116, սակայն դրանց զգալի մասը՝ 48 ավիաչվերթներ, չեղյալ են համարվել: «Ավիաչվերթները չեղյալ համարելու պատճառը Իրանի ազգային արժույթի աննախադեպ արժեզրկումն է, որը հանգեցրել է տուրստական հոսքերի կրճատման ոչ միայն Հայաստանի, այլ նաև մյուս ուղղություններով»,- պարզաբանեց Դավուդյանը:
Նրա կարծիքով՝ զբոսաշրջիկներին գրավելու համար անհրաժեշտ է իրանական շուկայի հետ հատուկ աշխատանք տանել, քանի որ նրանք Հայաստան ավելի քիչ են այցելում, քան Վրաստան և Ադրբեջան: Պատճառը ըստ նրա այստեղի հյուրանոցների, օդանավակայանի բարձր գներն են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը