Վաղը` ապրիլի 21-ին, Հայաստանի Ազգային ժողովում պետք է տեղի ունենային լսումներ՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթների մասին» ԱԺ հայտարարություն ընդունելու համար։ Կազմակերպել էր «Հայաստան» խմբակցությունը։ ԱԺ ղեկավարությունն էլ նիստերի դահլիճն էր սահմանադրությամբ պարտավորվել տրամադրել։ Այսօր՝ լսումներից մեկ օր առաջ, հանկարծ պարզ է դառնում, որ լսումները չեն կայանա, քանի որ ԱԺ ղեկավարությունը դահլիճ չի տալիս։ Ասում են՝ տեխնիկական խնդիրներ են հանկարծ առաջացել։ Դրանք կկարգավորվեն միայն ապրիլի 24-ից հետո։ Էն որ պետք է պահի տակ նիստ անեին ու Փաշինյանին թույլ տային համայնքապետեր նշանակել, տեխնիկական խնդիր չառաջացավ, էն որ անմիջապես արտահերթ նիստ են անում, որ Հայաստանի պարտքը 10 մլրդ դոլարի հասցնեն, տեխնիկական խնդիր չի առաջանում, բայց որ պետք է Թուրքիայի հետ կապված բան քննարկվի, խնդիրներ կան։
Իսկ ի՞նչ լսումներ էր անում «Հայաստան» խմբակցությունը։ Հրավիրվել էին բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչների, թուրքագետների, փորձագետների, որոնք պետք է անդրադառնային հայ-թուրքական հարաբերություններին․ նշվելու էր այն կարմիր գծերը, որոնք ոչ մի պարագայում չպետք է անցնեին։ Ողջախող մարդիկ էին, ուրեմն դեմ էին խոսելու այդ գործընթացի այնպիսի իրականացմանը, ինչպիսին այսօր է լինում։
Քննարկվելիք հայտարարության մեջ հղում էր արվում ՀՀ սահմանադրության նախաբանին, Հայաստանի անկախության հռչակագրին, խոսվում էր Թուրքիայի հայատյաց և Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության մասին, խոսվում էր 44-օրյա պատերազմին Թուրքիայի բացահայտ մասնակցության մասին, Շուշիի հռչակագրում ներառված հակահայ դրույթների մասին։ Նշվում էր, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություննեը պետք է կարգավորվեն փուլային եղանակով՝ սկեսելով դիվանագիտական հարաբերություններից և Հայաստանի ապաշրջափակումից։ Պետք է Թուրքիան հարաբերությունների համար չդնի նախապայման, իսկ այսօր հայտարարում է, որ հարաբերությունները կկարգավորվեն մեկ դեպքում, եթե դրանք Ադրբեջանին ձեռնտու են։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում պետք է չլինի որևէ կետ, համաձայնություն, որը հայ ժողովրդի հայրենազրկման ու Ցեղասպանության իրողությունը կասկածի տակ կդնի։ Հայոց ցեղապսնության ճանաչմանը հասնելուց պետք է չհրաժարվել, չասել՝ դա Սփյուռքի գործն է։
Սա շատ կարևոր հայտարարություն էր և կարևոր էր, որ ապրիլի 24-ին ընթառաջ Հայաստանի խորհրդարանում վերահաստատվեր, որ մենք մեր սկզբունքներից, պահանջներից հետ չենք կանգնի։ Բայց իշխանությունը սա տապալեց։ Իշխանությունը չի ուզում, որ հիմա, երբ ինքը թուրքերի հետ քիրվայություն է ուզում անել, հանկարծ նրանց դեմ խոսեն։ Հայաստանի իշխանությունը գրավել է ԱԺ ամբիոնը ու այն օգտագործում է մեր թշնամի երկրների փաստաբանության համար։ Այդ ամբիոնը միայն նրա համար է, որ Խաչատուր Սուքիայսանը ելույթ ունենա ու ասի՝ մեր թուրք և ադրբեջանցի եղբայրերը, որ Արսենյան Գուրգենը ելույթ ունենա ու ասի՝ հայը չպետք է ատի թուրքին, որ Հովիկ Աղզազարյանը ելույթ ունենա ու ասի՝ ես ճաաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, Վիգեն Խաչատրյանն ասի՝ մենք չպետք է ասենք Ղարաբաղը չի կարող լինել ադրբեջանի կազմում ու մյուս մյուս անձինք, որոնք առավոտից իրիկուն մեր երկրում դարձել են թշնամու աջակից։
Սա խայտառակություն է։
Ապրիլի 23-ին ջահերով երթ է Հայաստանում․ եթե Հայաստանի ղեկավարության ձեռքին մի փոքր հնարավորություն լինի, վստահ եմ՝ կարգելեն։ Ժողովրդի ցասումից են վախենում, ոչ թե ամոթի հարց է։ Եթե ունենան հնարավորություն՝ վստահ եմ, կչեղարկեն ապրիլքսանչորսյան միջոցառումները, Ծիծեռնակաբերդ բարձրանալը։ Հունվարի 28-ին Բանակի տոնը ո՞նց չնշեցին, այ էդպես։
Ընդդիմությունն առաջարկում է դատապարտել Շուշիում ընդունված Էրդողան-Ալիև հռչակագիրը, իշխանությունը մերժում է, ասում է՝ մենք դեմ չենք խոսի Ադրբեջանին ու Թուրքիային։ Հայաստանի ընդդիմություննն առաջարկում է քրեականացնել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ հայտարարությունները, իշխանությունը մերժում է, ԱԺ ամբիոնից ամեն նիստի ժամանակ թուրքական մեջլիսի տրամաբանությամբ մտքեր են հնչեցնում իշխանության ներկայացուցիչները։ Ու այսօր, խնդրեմ, չեղարկում են ընդդեմ Թուրքիայի ելույթները։ Ընդդիմությունը առաջարկում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը․ այս իշխանությունը դրան էլ չի գնա, կմերժի։
Խորը կասկածներ ունեմ, որ այն, ինչ անում են Հայաստանի իշխանությունները մեր երկրում, Թուրքիայի ու Ադրբեջձանի պայմանն է բանակցությունների, երկխոսելու համար։ Նրանք են պահանջում, որ իրենց քննադատող որևէ ելույթ չհնչի պետական ամբիոններից։ Այլապես ինչպե՞ս բացատրես էն խայտառակությունը, որ տեղի է ունենում Հայաստանում։ Ալիևն արդեն ասում է, որ պետք է Հայաստանը փոխի սահմանադրությունը ու Թուրքիայի վերաբերյալ ձևակերպումներ հանի․ կասկած ունեմ, որ դա էլ կփոխեն։ Հանձնաժողով են ստեղծել սահմանադրական բարեփոխումների, պետք է հասկանալ ինչ են քննարկում։
Հանդիպում են Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները, նրանց արտգործնախարարն ասում է՝ շատ հոգ ենք հանդիպումից, լրիվ մեր ուզածն էր։ Հայաստանի կողմից լռություն է։ հանդիպում են Փաշինյանն ու Ալիևը, ադրբեջանական կողմն ասում է՝ մենք լրիվ գոհ ենք հանդիպումից, մեր շահերից է։ Դրանից հետո Նիկոլն ասում է՝ պետք է իջեցնել Արցախի ինքնորոշման մասին մեր նշաձողը։ Առաջ Նիկոլն էր ասում Ալիևը կիրթ է ու կառուցողական, հիմա Ալիևն է արդեն ասում, որ Նիկոլը կառուցողական է։ Փաշինյանը գնում է Ռուսաստան, հետո հայտարարում է՝ Պուտինի հետ հանդիպմանը վերջնական համաձայնության ենք եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Նայում ես 30 կետանոց հայտարարությունը, ընդամենը մեկ պարբերություն է Արցախի մասին՝ մտքեր են փոխանակել խաղաղապահների կարևորության մասին, հումանիտար անհետաձգելի հարցերի հրատապ լուծման մասին, քաղաքական-դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղյան կարգավորման մասին։ Վերջ։ Սա է։ Մտքեր են փոխանակել, սա ասում է վերջնական համաձայնության ենք եկել։ Հետո անհասկանալի ձևով փոխում է հայտարարության տեքստը։
Մի ՔՊ-ական կա՝ Գագիկ Մելքոնյան, գեներալ է, ասում է՝ ընդդիմադիրներն ավելի մեծ վնաս են տալիս, քան թուրքերը։ Այո, Նիկկոլի իշխանությանը ընդդիմադիրներն ավելի մեծ վնաս են հասցնում․ ընդդիմադիրներն անընդհատ խնդիրներ են ստեղծում Փաշինյանի խմբակի համար, ասում են՝ քննարկենք ազգային հարցեր, չզիջենք, չնվաստանանք, արժանապատիվ ապրենք, արժանապատիվ բանակցենք։ Բայց այս իշխանությանը դա հեչ պետք չէ։ Իսկ թուրքերը սիրաշահում են։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի թիմը Հայաստանի անվտանգությունը զրոյացրել է, Հայաստանը տանում է թուրքերի հետ սիրախաղի անհայտ ու վտանգավոր ուղղությամբ։ Իշխանությունը մտածում է միայն իր մասին, ինչ կլինի իրենից հետո, ինչ կմնա մեզ, մեր սերունդներին, իրենց պետքն էլ չէ։ Դե հիմա թող որևէ մեկը ապացուցի, որ որ սրանք համակարգված չեն աշխատում թշնամու հետ։ Թող որևէ մեկը հիմնավոր ասի, որ Հայաստանի ղեկավարություը մեր թշնամու օգտին չի աշխատում։ Ու թող որևէ մեկն ասի, որ նախապայմաններ չկան ու Հայաստանը չի ընդունել այդ նախապայմանները։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը