Ադրբեջանական ավիաընկերությունը վերջին երեք օրում Բաքու-Նախիջեւան-Բաքու ուղղությամբ մի քանի թռիչք է կատարել ՀՀ օդային տարածքով: Այս մասին հայտնում է Hetq.am-ը:
«Նոյեմբերի 14-ից Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ՝ կիրառելով տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ զրահատեխնիկա ու հընթացս գրավելով մի քանի մարտական հենակետ ՀՀ տարածքում։ Հայկական կողմն ունի կորուստներ․ զոհերի ու վիրավորների թիվը ՊՆ-ն առայժմ չի հստակեցրել, սակայն հայտնի է, որ ՀՀ ԶՈւ-ից 12 հոգի գերի է ընկել։
Այս ֆոնին թշնամի պետության ազգային ավիափոխադրողը՝ «AZAL» ավիաընկերությունը, շատ ակտիվ թռիչքներ է իրականացնում Բաքու-Նախիջեւան-Բաքու ուղղությամբ՝ օգտագործելով Հայաստանի օդային տարածքը։ Մինչեւ այս պահը որեւէ տեղեկություն չկա հայկական կողմից ադրբեջանական ավիաօպերատորի մուտքը Հայաստան արգելելու մասին։
Այսպես՝ նոյեմբերի 14-ից, երբ թշնամին սկսեց ռազմական ագրեսիան Հայաստանի արեւելյան սահմանի ուղղությամբ՝ ըստ էության, նպատակ ունենալով ուժի կիրառմամբ Լաչինի ու Քելբաջարի շրջաններից միջանցք բացել դեպի Նախիջեւան, «AZAL»-ը շարունակել է անխափան թռիչքները մեր երկնքով եւ ամեն օր կատարել 3-ական չվերթ Բաքու-Նախիջեւան-Բաքու ուղղությամբ։ Այսինքն՝ եթե հաշվի առնենք, որ Բաքվից Նախիջեւան մեկնելիս եւ վերադառնալիս ինքնաթիռները յուրաքանչյուր անգամ հատում են ՀՀ օդային տարածքը, ապա կստացվի, որ նոյեմբերի 14-ից մինչ այս պահը «AZAL»-ը 18 անգամ օգտագործել է Հայաստանի երկինքը։
Այսօրվա վերջին չվերթը (համարը` J2 256) չնայած, ըստ էության, Նախիջեւան-Բաքու հետադարձ ուղղությամբ պիտի լիներ, flightradar24.com կայքից տեղեկանում ենք, որ «AZAL»-ի մարդատար «Airbus A320» ինքնաթիռը Նախիջեւանից նախ մեկնել է այլ ուղղությամբ։
4K-AZ84 ադրբեջանական գրանցումով օդանավը, որն այսօրվա ընթացքում կատարել է «AZAL»-ի Բաքու-Նախիջեւան-Բաքու բոլոր թռիչքները, վերջին՝ օրվա ընթացքում 6-րդ թռիչքի ընթացքում flightradar24.com-ի կողմից ֆիքսվել է Սիրիայի տարածքում Երեւանի ժամանակով 18։25-ի սահմաններում, իսկ արդեն 19։00-ի կողմերը վայրէջք կատարել Նախիջեւանում եւ այս պահին նորից ուղղություն է վերցրել դեպի Բաքու (տես ստորեւ)։
Թե ում է տեղափոխում Բաքվից Նախիջեւան թռած, ապա Սիրիայի երկնքում հայտնված եւ հիմա նորից Բաքու վերադարձող ինքնաթիռը կարելի է ենթադրել։ Այս հոդվածի հրապարակման պահին թշնամի երկրի ազգային ավիափոխադրողի օդանավը ՀՀ օդային տարածքում է (տես վերեւի նկարում)»,- հայտնում է աղբյուրը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը