01 03 2018

ՍԱՊԾ-ն կուսումնասիրի ձկնաբուծական տնտեսություններում օգտագործվող կերը և ջուրը

ՍԱՊԾ-ն կուսումնասիրի ձկնաբուծական տնտեսություններում օգտագործվող կերը և ջուրը

Ձկնաբուծության ոլորտում առկա խնդիրների քննարկման և փոխշահավետ համագործակցության արդյունքում դրանց լուծումներ տալու նպատակով՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում տեղի է ունեցել քննարկում: Մասնակցել են ձկնաբուծությամբ զբաղվող, ներկրող և արտահանող խոշոր ընկերությունների ներկայացուցիչները և ձկնաբուծության միության նախագահը: ՍԱՊԾ պետի տեղակալ Հովհաննես Հայրապետյանը ընդգծել է, որ ձկնաբուծությամբ զբաղվող ընկերությունների համար առաջնային խնդիրներից են ձկան կերը և ջուրը:

Նաև նշվել է, որ այս փուլում Ծառայությունը այցերի միջոցով կփորձի տեղում հասկանալ ոլորտի հիմնախնդիրները, տնտեսվարողներին տրամադրել մասնագիտական խորհրդատվություն: Թեև տնտեսվարողներից շատերը համագործակցում են ԵՄ հեղինակավոր ընկերությունների հետ և կերը ձեռք բերում նրանցից, բայց հնարավոր են դեպքեր, երբ փոխադրման ընթացքում կերը կորցնի իր պիտանելիությունը և փորձաքննության ժամանակ ի հայտ գան շեղումներ ՀՀ-ում գործող իրավական նորմերի նկատմամբ: Մասնագետները կարևոր են համարում նաև ուշադրություն դարձնել ջրին, որում բուծվում են ձկները. ջրի անվտանգության ցուցանիշների շեղումները կարող են նաև ձկան մեջ շեղումների պատճառ դառնալ:

«Առաջիկայում ձկնաբուծական տնտեսություններում անասնահամաճարակային մշտադիտարկումներ կիրականացվեն: Մենք հետևողական ենք լինելու, որպեսզի շեղումներով ձուկը չշրջանառվի Հայաստանի Հանրապետության տարածքում: Միասին կգտնենք և կվերացնենք հնարավոր թերությունները:

Սա շահավետ է նաև այն տնտեսվարողների համար, ովքեր համապատասխան ծավալներ ունեն և հետաքրքրված են ներկայացնելու իրենց արտադրանքը թե՛ ԵԱՏՄ շուկայում, թե՛ ԵՄ շուկայում՝ մոտ ապագայում այն բացելուց հետո»,- հանդիպման ժամանակ ընդգծել է ՍԱՊԾ անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Ուսումնասիրության արդյունքում տնտեսվարողների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել շրջայցերի ընթացքում նմուշառում վերցնել օգտագործվող ձկան կերից և ջրավազանների ջրից: Ոլորտի պատասխանատուների խոսքերով՝ մշտադիտարկումները և խորհրդատվությունը ոլորտում պարբերաբար են լինելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ