168․am-ը գրում է․ Ռեկորդների սիրահար Հայաստանի իշխանությունները, որոնք ամենուրեք արձանագրվող ռեկորդներից են միայն խոսում, թանկացումների առումով էլ են աննախադեպ։ Չնայած հայտարարում են, որ Հայաստանում գնաճ գրեթե չկա կամ զրոյին մոտ է, այնուհանդերձ բազմաթիվ ապրանքներ Հայաստանում անհամեմատ ավելի թանկ են, քան ԵԱՏՄ անդամ այլ երկրներում։
Թեև պարզ տրամաբանությունը հուշում է, որ այդպես չպիտի լիներ։ Հատկապես, եթե հաշվի առնենք, որ այս ընթացքում դրամն էապես արժևորվել է։ Անհամեմատ ավելի շատ, քան ԵԱՏՄ որևէ այլ երկրի ազգային արժույթը։ Եթե նույնիսկ չհաշվեն, որ որոշ դեպքերում ԵԱՏՄ երկրների ազգային արժույթներն արժեզրկվել են։
Դրամն արժևորվել է՝ էժանացնելով ներմուծումը։ Որքան մեծ է դրամի արժևորումը, այնքան այլ երկրների համեմատ ներմուծվող ապրանքներն ավելի էժան պիտի լինեին։ Բայց ինչպես տեսնում ենք, այդպես չէ, և դա երևում է բազմաթիվ ապրանքների, այդ թվում՝ բենզինի գների պարագայում։
Հասել ենք նրան, որ բենզինի գներն այսօր Հայաստանում ռեկորդային բարձր են։ Երբևէ այսքան բարձր չեն եղել։
Շատ ավելի բարձր են, քան Ռուսաստանում կամ ԵԱՏՄ անդամ որևէ այլ երկրում։
Ժամանակին, երբ բենզինի գները շատ ավելի ցածր էին, քան հիմա, ասում էին՝ շուկան մենաշնորհված է, օլիգարխների ձեռքին է, ինչ ուզում՝ անում են, դրա համար են գներն այդքան բարձր։ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում այլևս մենաշնորներ չկան, մենաշնորհները վերացրել են, ու դա կնպաստի, որպեսզի գները նվազեն։ Բայց ինչպես տեսնում ենք, հիմա գները շատ ավելի բարձր են։
Որ գները նախկինի համեմատ կարող են ավելի բարձր լինել, միանգամայն հնարավոր է։ Տարօրինակն այն է, որ դրանք անգամներով ավելի բարձր են, քան այն երկրում, որտեղից ներկրվում է բենզինը։ Անգամներով ավելի բարձր են, քան ԵԱՏՄ այլ երկրներում։
Խնդիրը սրանում է։ Բայց դրա համար ոչ մի հիմնավոր բացատրություն չկա։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահին երբ հարցնում են, ասում է՝ չարաշահումներ չկան։ Չարաշահումներ չկան, բայց գներն անգամներով բարձր են, քան ԵԱՏՄ մյուս երկրներում։ Ինչո՞ւ է այսպես, ոչ մեկը չի հասկանում։ Դրամն արժեզրկվում է, գները բարձրանում են, ասում են՝ հիմնավորված է՝ դրամն էժանացել է, դրա համար էլ գները բարձրացել են։ Դրամն արժևորվում է, գները չեն իջնում, էլի ասում են՝ հիմնավորված է։
Բոլորովին վերջերս, երբ դոլարի գինը հաշված օրերի ընթացքում բարձրացավ մինչև 460 դրամ, բենզինը 20-30 դրամով թանկացավ։ Դոլարն էլի էժանացավ, բայց բենզինի գներն այլևս չիջան։ Այսօր էլ շարունակում են բարձր լինել։ Ռեգուլյարը վաճառվում է 530 դրամով, պրեմիումը՝ 570 դրամով։
Սուպերի գինն այնքան բարձր է, որ դրա մասին նույնիսկ չարժե խոսել, հասել է 750 դրամի։
Դրամն արժեզրկվեց՝ բենզինի գինն անմիջապես բարձրացավ, դրամը կրկին արժևորվեց, իսկ բենզինը չէժանացավ։ Եվ ի՞նչ արեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը. ոչինչ էլ չարեց։ Թողեց, որպեսզի շուկան ինքնակարգավորվի, իսկ շուկան այդպես էլ չինքնակարգավորվեց, ու գները մնացին բարձր։
Որ սովորաբար ռեգուլյար ու պրեմիում բենզինների միջև գնային տարբերությունը 20 դրամ էր, հիմա դարձել է 40 դրամ։ Սրան էլ բացատրություն չկա։
Հարցնում ես՝ ինչո՞ւ է բենզինի գինը Հայաստանում այսքան բարձր, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը բերում է Վրաստանի օրինակը։
«Վերցրեք բենզինի գինը, համեմատեք Վրաստանի գնի հետ, տեսեք՝ թա՞նկ է, թե՞ ոչ»,- օրերս Ազգային ժողովում բենզինի բարձր գների վերաբերյալ հարցին այսպես արձագանքեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը։
Թե ի՞նչ կապ ունի մեր երկրում բենզինի գինը Վրաստանի հետ, պարզ չէ։ Հայաստան ներկրվող բենզինը հիմնականում Ռուսաստանից է։ Որպես ԵԱՏՄ անդամ երկիր՝ Հայաստանը ռուսական բենզինը ստանում է առանց արտահանման տուրքի, որն էական գործոն է բենզինի գների վրա։ Վրաստանը, եթե նույնիսկ բենզին բերի Ռուսաստանից, ստիպված է լինելու վճարել արտահանման տուրք։ Հայաստանը նման տուրք չի վճարում, բայց բենզինի գինը Հայաստանում ավելի բարձր է, քան Վրաստանում։ Շատ ավելի բարձր, քան Ռուսաստանում ու ԵԱՏՄ այլ երկրներում։
Ռուսաստանի համեմատ, որտեղից ներկրվում է բենզինի հիմնական խմբաքանակը, Հայաստանում գները գրեթե 2,5 անգամով բարձր են։ Ռուսաստանում ռեգուլյար տիպի բենզինի գինը տատանվում է 50-51 ռուբլու սահմաններում, Հայաստանում հասնում է 123 ռուբլու։ Պրեմիումի գինը Ռուսաստանում 55 ռուբլի է, Հայաստանում՝ ավելի քան 132 ռուբլի։
Կասկածելի մեծ է տարբերությունը։ Թեև թվում է, թե այդպես չպիտի լիներ։
Հայաստանում բենզինի գների տարբերությունը մեծ է նաև ԵԱՏՄ անդամ ու ոչ անդամ այլ երկրների համեմատ։ Ղազախստանում գինը 3 անգամ էժան է Հայաստանից։
Համարենք, որ Ղազախստանն ունի սեփական ռեսուրսները, դրա համար է այդքան էժան, իսկ մյուսնե՞րը։
Ղրղըզստանում բենզինը կրկնակի ավելի էժան է, քան Հայաստանում։ Նույնը՝ նաև Բելառուսի պարագայում։
Հայաստանում այս տարի բենզինի գները կտրուկ բարձրացել են՝ գրեթե 25-26 տոկոսով։ Թանկացումն ակտիվացավ հատկապես այն բանից հետո, երբ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը հայտարարեց, թե բենզինի գները Հայաստանում հիմնավորված չեն՝ ավելի ցածր են, քան պետք է լինեն։
«Այս գինը տնտեսապես կասկածներ է հարուցում։ Բայց ոչ թե բարձր, այլ հակառակը՝ ցածր լինելու առումով»,- մայիսին, երբ բենզինի գինը 400 դրամից ցածր էր, հայտարարեց Հանձնաժողովի նախագահը։
Հաշվի առնելով այդ կասկածները՝ Հանձնաժողովն ուսումնասիրություն էր սկսել շուկայում։ Բայց այդպես էլ այդ ուսումնասիրությունների արդյունքները հայտնի չդարձան։ Փոխարենը՝ դրանից հետո բենզինը կտրուկ թանկացավ ու այսօր արդեն վաճառվում է ռեկորդային բարձր գներով։
Չնայած նման բարձր գիներին, շուկայում նաև վաճառքի սահմանափակումներ են հանդիպում։ Հայաստանը կասկածելի ձևով այս տարի ժամանակից շուտ սպառեց Ռուսաստանից ներկրվող քվոտավորված ու առանց արտահանման մաքսատուրքի տրամադրվող բենզինը։ Ու որպեսզի պահանջարկը կարողանան լրացնել՝ իշխանությունները դիմեցին լրացուցիչ քվոտա ստանալու խնդրանքով։ Լրացուցիչ քվոտան, 60 հազար տոննայի սահմաններում, հաստատվեց նոյեմբերի սկզբին։ Եթե չհաստատվեր, հիմա բենզինի գինը միանշանակ էլի ավելի բարձր կլիներ, չնայած արդեն իսկ ռեկորդային բարձր է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը