15 08 2023

Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Global Finance» ամսագրի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության 3 անվանակարգում

Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Global Finance» ամսագրի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության 3 անվանակարգում

 

Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի 3 մրցանակի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում, մասնավորապես` «Լավագույն նորարարությունը և տրանսֆորմացիան Հայաստանում 2023թ.», «Լավագույն օնլայն պրոդուկտային առաջարկները Հայաստանում 2023թ.» և «Լավագույնը սպառողական վարկավորման ոլորտում Հայաստանում 2023թ.»:

Հաղթողներն ընտրվել են ըստ մի շարք չափանիշների, ինչպիսիք են թվային ծառայություններից օգտվող հաճախորդներին ներգրավելու և սպասարկելու ռազմավարության արդյունավետությունը, թվային ծառայություններից օգտվող հաճախորդների քանակական աճը, առաջարկվող թվային պրոդուկտների բազմազանությունը, թվային նախաձեռնությունների արդյունքում հաճախորդների սպասարկման որակի բարելավումը, ինտերնետային կայքի/բջջային հավելվածի կառուցվածքն ու ֆունկցիոնալությունը, ինչպես նաև առցանց առաջարկվող պրոդուկտների առավելություններն ու ներդրման հաջողությունը:

«Global Finance» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն նշեց. «Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման արագընթաց զարգացման պայմաններում լավագույն թվային պրոդուկտների չափանիշները շարունակաբար փոփոխվում են: «Global Finance»-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակներ են շնորհվում այն ֆինանսական հաստատություններին, որոնք թվայնացման առաջամարտիկներն են»:

«Ժամանակակից թվային տեխնոլոգիաների ներդրման միջոցով բիզնեսի համակողմանի և շարունակական տրանսֆորմացիան մեր ռազմավարական գերակայություններից է։ Այդ ճանապարհը մենք դեռ տարիներ առաջ ենք սկսել՝ նպատակաուղղված և հետևողական աշխատանքով կատարելագործելով ու զարգացնելով մեր թվային լուծումներն ու էկոհամակարգերը։ Այս մրցանակները մեր հաճախորդների համար լավագույն թվային փորձառությունն ապահովելուն ուղղված մեր ջանքերի արդեն միջազգային մակարդակով ճանաչումն ու գնահատումն են»,- նշեց Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:

2023թ. I կիսամյակում բանկի.

  • ընդհանուր գործարքների 98%-ն իրականացվել է հեռավար և թվային ուղիներով,
  • անկանխիկ գործարքների 82%-ն իրականացվել է առանց բանկի մասնաճյուղ այցելելու,
  • հաշվետեր հաճախորդների 73%-ն օնլայն բանկինգի օգտատեր է,
  • մոբայլ և ինտերնետ բանկինգ համակարգերի օգտատերերի քանակը 2022թ. տարեվերջի համեմատ աճել է 24%-ով,
  • սպառողական վարկերի ընդհանուր պորտֆելում առցանց տրամադրված վարկերը կազմել են 76%,
  • առաջնային շուկայի հիփոթեքային վարկերի 33%-ը տրամադրվել է թվային ուղիներով,
  • մինչև 750 մլն ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրված վարկերի 70%-ը տրամադրվել է թվային ուղիներով:

Նշենք, որ Ամերիաբանկը ներկայումս առաջարկում է շուրջ 45 առցանց ծառայություն:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ