Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրելի Ընկերներ,
Այսօր լրատվական աշխարհի մեր գործընկերներին ներկայացրեցինք «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստների» գնահատման զեկույցը, որտեղ տնտեսագետների մեր թիմը փորձ է արել կարճ ժամանակահատվածում (1,5 ամսում) 4 տարբեր մեթոդներով գնահատել Արցախի կրած սոցիալ-տնտեսական ծախքերը։ Վերջիններս իրենց մեջ ամփոփում են 3 ուղղություններով ծախքերը՝
- ՀՆԱ կորուստը՝ ներառյալ մուլտիպլիկատիվ էֆֆեկտ
- Սոցիալական առաջնային ծախսերը և բարեկեցության կորուստը
- Բյուջեի լրացուցիչ ծանրաբեռնվածության հետ կապված ծախքեր
Որպեսզի նյութի արդյունքները չկորցնեն իրենց արդիականությունը, բոլոր ծախքերը բերվել են օրականի, այսինքն ստացված ծախքերը տարեկանացվել են՝ հաշվի առնելով նաև սեզոնայնությունները, որից հետո բերվել են օրականի։ Սա հնարավորություն է տալիս շրջափակման ցանկացած տևողության համար (կամ ասենք, եթե վաղը ճանապարհը բացվի և մի քանի օր/շաբաթ/ամսի անց նորից փակվի որոշակի ժամանակհատցվածով) հաշվարկելի դարձնել Արցախի կրած վնասները։
Հաշվարկներում բացակայում են երկու ուղղությամբ ծախքեր՝
1․ Արցախի ՀՆԱ պոտենցիալի կորուստը (ընդ որում, որքան երկարում է շրջափակումը, այնքան ավելի մեծ վնաս է հասցվում ՀՆԱ պոտենցիալին)
2․ Նմանատիպ ցնցումներից ապագայում խոսափելու կամ համար հետևանքները մեղմելու հնարավոր բուֆերների սեղծման հետ կապված ծախքերը (ֆինանսական, պարենային և դեղօրայքային պաշարներ, այլընտրանքային էներգետիկ աղբյուրներ և այլն)
Ստացված արդյունքները հետևյալն են՝
- Ընդհանուր ֆինանսա-տնտեսական կորուստներ` օրական նվազագույնը 651.3 մլն դրամ (շուրջ 1.6 մլն ԱՄՆ դոլար), այդ թվում՝
-հարկերի կորուստը՝ օրական 81 մլն դրամ կամ շուրջ 204 հազար ԱՄՆ դոլար
-լրացուցիչ առաջնային մինիմալ սոցիալական ծախսերը՝ շուրջ 36.3 մլն դրամ (92 հազար ԱՄՆ դոլար)
-Գործազրկության աճ՝ առնվազն 16.2 հազարով
- Եթե հաշվի ենք առնում նաև բարեկեցության կորուստը (որովհետև մեկ այլ բան է երբ անձը զբաղված էր և ստանում էր օրինակ 300 000 դրամ աշխատավարձ, մեկ այլ բան է երբ դառնում է գործազուրկ և պետությունից ստանում է 68,000 դրամ փոխհատուցում) ապա ընդհանուր կորուստն օրական կտրվածքով գնահատվել է նվազագույնը 752 մլն դրամ (1.9 մլն ԱՄՆ դոլար)
Ստացվում է, որ , այս 107 օր շրջափակման մեջ պահելու արդյունքում Արցախին հասցվել է առնվազն 203 մլն ԱՄՆ դոլարի վնաս։
Օգտագործված մեթոդների նկարագարությանը և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղումով։
https://ourmountains.am/.../03/Zekuyts-Artsakh-Blockade.pdf
Վերջում ավելացնեմ նաև, որ աշխատանքը կատարվել է Ռուբեն Վարդանյանի Արցախի պետնախարար պաշտոնավարման ընթացքում Արցախի կառավարության պատվերով (հասարակական հիմունքներով)։ Աշխատանքի սեփականատերն է Արցախցին և Արցախի ճակատագրով մտահոգ յուրաքանչյուր հայը, իսկ սպառողն է՝ միջազգային հանրությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը