Ամերիաբանկի ռազմավարության հիմնական ուղղություններից մեկը թվային օրակարգի իրականացումն է, թվայնացումը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը ընդգծեց, որ Ամերիաբանկում ներդրված թվային հարթակի շնորհիվ գործարքների գերակշռող մեծամասնությունն իրականացվում է առանց բանկ այցելելու։
«Այս պահի դրությամբ Ամերիաբանկի գործարքների ընդամենը 4 տոկոսն է մասնաճյուղերում իրականացվում։ Այսինքն, բանկին հաջողվել է գործարքների 96 տոկոսը բեռնաթափել, հանել մասնաճյուղերից, դրանք հիմնականում ինքնասպասարկվող և թվային ուղիներով են իրականացվում»,- ասաց Արման Բարսեղյանը։
Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը շեշտեց, որ այս հարթակը էկոհամակարգի իսկական օրինակ է:
«Մենք որպես ֆինանսական կառույց, ԱՁ-ին կամ ՍՊԸ-ին, չենք ասում, թե ինչ ֆինանսական գործիք տանք, քանի որ մեծամասամբ թվային լուծումներով դրանք կան, բայց մենք ասում ենք, թե որն է նրանց կյանքի ցիկլը, ինչ ճանապարհով է ասենք, ԱՁ-ն հասնում ՍՊԸ-ի կամ ՍՊԸ-ն ոնց է դառնալու միջին կամ խոշոր բիզնես: Եթե պետական ծառայություններ են, այդ դեպքում ինտեգրվում ենք պետականին, պետռեգիստրի օրինակը դրա վառ ապացույցն է: Նայում ենք, թե ինչ ֆինանսական գործիքներ են պետք, ասենք, աշխատակիցներ վարձելու, գրանցելու, հաշվապահություն վարելու, մարքեթինգային արշավներ իրականացնելու համար և դրա ներքո հաշվում ենք ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները:
Ոչ ֆինանսական ծառայությունները նախընտրում ենք փնտրել տարբեր գործընկերների մոտ, քանի որ ավելի հեշտ է շուկայում իրեն արդարացրած մոդել վերցնել և ինտեգրել մեր հարթակ, որը մեր բոլոր գործընկերներին կմատուցի նույնատիպ հաշվապահական կանոններ: Այդ դեպքում հաշվապահական ծառայությունը դառնում է հասանելի և նրանք կարող են իրենց բիզնես մոդելն առաջ տանել մեր հարթակում: Այդ ժամանակ արդեն «Ամերիա բիզնես» հարթակը դառնում էկո համակարգ»,-նշեց Շամցյանը:
Ամերիաբանկի նորությունների մասին ամբողջական մամուլի ասուլիսն այս հղումով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը