Վերջին 10 տարում Հայաստանում ամուսնությունները 32,3 %-ով նվազել են, ամուսնալուծությունները՝ 5 %-ով շատացել։ Ամուսնություններն ամենաշատը քչացել են Արմավիրի մարզում՝ 48 %-ով, իսկ Լոռու մարզում, ընդհակառակը, 48 %-ով նվազել են ամուսնալուծությունները։
Թե’ կանայք, թե’ տղամարդիկ ամուսնանում են 3-5 տարի ավելի ուշ, քան նախկինում։
«Հետք»-ը ուսումնասիրել է ամուսնությունների և ամուսնալուծությունների վերջին 10 տարվա վիճակագրությունը։
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2010-2020թթ. գրանցված ամուսնությունները նվազել են 32,3 %-ով, կամ 5805 դեպքով, իսկ ամուսնալուծություններն, ընդհակառակը, ավելացել են 5 %-ով, կամ 158 դեպքով։
2020թ.-ին ամուսնալուծվել է այդ տարի ամուսնացած զույգերից ամեն 4-րդը։ 2010-ին այդ թիվն ավելի քիչ էր. ամուսնալուծվում էր այդ տարի ամուսնացածներից ամեն 6-րդ զույգը։
2010-2020թթ. ամենաշատ ամուսնությունները գրանցվել են 2011-2012թթ. ին՝ մոտ 19 000 ամուսնություն, ամենաքիչը՝ 2020թ-ին՝ 12 179 ամուսնություն։ Միևնույն ժամանակ, ամուսնալուծությունները վերջին 10 տարում ամենաշատը գրանցվել են 2014թ.-ին՝ 4 496 դեպք։
Ամուսնությունների ընդհանուր թվի մեջ ամուսնալուծությունների տոկոսը վերջին 10 տարում ավելացել է։ Օրինակ, եթե 2010թ. ամուսնալուծությունները կազմում էին ամուսնությունների ընդհանուր թվի 16 %-ը, ապա 2020թ.-ին այդ թիվը հասել 26 %-ի։
Վերջին տարիներին փոփոխվել է ամուսնացողների և առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքը. թե’ կանայք, թե' տղամարդիկ 3-4 տարով ավելի ուշ են ամուսնանում։
2003-2020թթ. տղամարդկանց ամուսնության միջին տարիքը ավելացել է 4 տարով. նախկին 28-ի փոխարեն տղամարդիկ ամուսնանում են 32 տարեկանում։ Կանայք նույնպես ավելի ուշ են ամուսնանում։ 2003-2020թթ. կանանց ամուսնանալու միջին տարիքը 24-ից դարձել է 28։
Նույն ժամանակահատվածում մեծացել է նաև առաջին անգամ ամուսնացողների միջին տարիքը։ Տղամարդկանց դեպքում առաջին անգամ ամուսնանալու միջին տարիքը 27-ից դարձել է 31, կանանց դեպքում ՝ 23-ից 27։
Ընդ որում՝ այս տվյալները գրեթե նույնն են թե’ քաղաքային, թե’ գյուղաական բնակչության համար։
Օրինակ, 2020թթ. քաղաքներում տղամարդիկ ամուսնանում են 32 տարեկանում, գյուղում ՝ 30։ Քաղաքում բնակվող կանայք միջինում ամուսնանում են 28 տարեկանում, գյուղում՝ 26։
Միևնույն ժամանակ, կանանց, ինչպես առաջին ամուսնության միջին տարիքը, այնպես էլ ամուսնության միջին տարիքն ավելի բարձր է, քան առաջին անգամ մայրանալու միջին տարիքը։
Սա պայմանավորված է նրանով, որ, սովորաբար, ամուսնությունների գրանցումներն իրականացվում են երեխայի ծննդից հետո։ Բացի այդ, կան դեպքեր, երբ երկրորդ և հետագա ամուսնությունների գրանցումը կատարվում է ավելի բարձր տարիքում:
Ամուսնությունների և ամուսնալուծությունների թվով առաջատարը Երևանն է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը