17 03 2022

«Ստվերային կառավարում»՝ իշխանության հովանու ներքո. Երասխահուն գյուղի բնակիչներն ահազանգում են

«Ստվերային կառավարում»՝ իշխանության հովանու ներքո. Երասխահուն գյուղի բնակիչներն ահազանգում են

Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Երասխահուն գյուղում բնակիչները շարունակում են դժգոհել, որ արդեն տևական ժամանակ է գյուղապետ չունեն:

«Համայնքի խոշարացումից հետո նախկին գյուղապետին չկարողացան նշանակել, որովհետև բարձրագույն դիպլոմ չուներ, որոշեցին նշանակել նրա եղբոր որդուն, բայց մեր դժգոհություններից հետո նրան հանեցին ու փոխարենը բերեցին գյուղի հետ կապ չունեցող ինչ-որ կնոջ՝ Արաքսյա Մինասյանին: Այդ կինը մեր գյուղից չէ, մենք նրան չենք ճանաչում, բայց երևի նախկին գյուղապետի համար են նշանակել, որ ինքը պաշտոնի չլինի, բայց իր հրահանգով գյուղը կառավարվի»,- Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց Երասխահուն գյուղի բնակիչներից մեկը:

Նրանք նշում են, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է մոտավորապես 300 ընտրող, բայց այժմ իրենք 500 ստորագրություն ունեն, որ իրենց գյուղապետի պաշտոնում ուզում են տեսնել Նարեկ Փանոսյանին, ոչ թե նախկին գյուղապետի որևէ հարազատի կամ գյուղի հետ կապ չունեցող ինչ-որ մեկին:

«Մենք մեր ստորագրություններով գնացել ենք Մեծամորի ղեկավար Վահրամ Խաչատրյանի մոտ, ինքը ՔՊ-ական է, իրեն ասել ենք, թե ում ենք ուզում՝ մեզ գյուղապետ լինի, բայց ինքն ասել է, որ մեր ստորագրությունները կեղծ են: Ես ուզում եմ ասել, որ Վահրամ Խաչատրյանը նաև մեր գյուղում է եղել ու տեսել է, որ էդքան մարդ դեմ է իր որոշմանը ու չեն ուզում, որ գյուղն ուրիշ մարդ ղեկավարի»,- նշում է մեր զրուցակիցը:

Բնակիչներն ասում են, որ մոտավորապես 30 տարի, ինչ գյուղը ղեկավարել է Արմեն Ավետիսյանը, գյուղի համար ոչինչ չի արել, ո՛չ նորմալ դպրոց ունեն, ո՛չ՝ մանկապարտեզ. «Էն ժամանակ էն իշխանությունների հետ էր լավ, հիմա էլ՝ էս, դրա համար ինչ անում ենք, չենք կարողանում ազատվել նրանից: Էսքան տարի է՝ գյուղապետ է, բայց ինչ անում է, միայն իր ընտանիքի ու մտերիմների համար է անում, գյուղի ու գյուղացիների համար բացարձակ ոչինչ չի անում:

Շատ դեպքեր կան, որ կարող էր գյուղի համար մի բան անել, բայց չի արել, որովհետև իրեն դղյակներ է սարքել, նոր մեքենա առել: Օրինակ՝ պատերազմի ժամանակ գյուղի անապահով ընտանիքներից մեկի տղան զոհվել էր, երբ տուն բերեցին, տան լույսերն անջատել էին, համագյուղացիներով գնացինք մոտը, որ մի բան աներ, ոչինչ չարեց, ասաց, թե բյուջեում փող չկա:

Մեր զոհվածներից մեկի ծնողն էլ մոտեցել էր, որ դպրոցում մի պատ ներկեին, զոհված էրեխեքի նկարները փակցնելու համար, բայց էլի ոչ մի բան չի արել՝ նույն պատճառաբանությամբ, որ բյուջեում փող չկա: Ու էդպես բոլորին ասել է, որ բյուջեում փող չկա, բայց հա՛մ գյուղապետարանին նոր «Լեքսուս» մեքենա է առել, հա՛մ էլ կնոջը տարել էր գյուղապետարանում հավաքարար էր գրանցել, որ սրտի վիրահատությունն անվճար կազմակերպեին»:

Մեր զրուցակցի խոսքով, սա դեռ ամենը չէ, որ արել է Արմեն Ավետիսյանը. «Մեր զոհվածների ծնողները նաև դիմել են, որ գյուղի մշակույթի տան դիմացի հատվածում տեղ տան, որպեսզի իրենց տղաների համար խաչքար սարքեն ու խաղահրապարակ, դրսում ապրող բարերար համագյուղացիներ ունենք, որ պատրաստ են հովանավորել, բայց գյուղապետարանից թույլտվություն չեն տալիս: Իսկ թույլտվություն չեն տալիս, որովհետև այդ տարածքը Արմեն Ավետիսյանը աճուրդի է հանել առանց ավագանու որոշման ու վաճառել եղբորը: Մի դեպք էլ կա, երբ փողոցներից մեկում գազ են քաշել, երբ հասել են վերջին երկու տանը, գնացել է խողովակները վերցրել ու տարել իրեն ջերմոց սարքել, հետն էլ ասել է, որ դուք արժանի չեք գազ ունենալուն: Էն գյուղի բյուջեում փող չլինելու պատրվակով նաև դպրոցը չեն վերանորոգում: Դպրոցի համար 100 միլիոն փող էին փոխանցում, որ 8 տոկոսն էլ գյուղապետարանը ֆինանսավորեր, վերանորոգեին, բայց դա էլ չարեց: Հենց էդ ժամանակ է առել գյուղապետարանի համար «Լեքսուս» մեքենան: Բացի դրանից նաև խոշորացումից հետո 44 միլիոն է ներկայացրել՝ որպես համայնքի բյուջե: Ստացվում է, որ դպրոցի համար փող չկար, բայց բյուջեում մեքենայի համար լավ էլ կար»:

Գյուղի բնակիչներն ասում են, որ շուտով պատրաստվում են նաև բողոքի ակցիաներ անել, ճանապարհ փակել, մինչև իրենց պահանջը չկատարեն ու իրենց ուզած գյուղապետը չնշանակվի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ