15 03 2022

Ջերմաստիճանը դեռ նվազելու է․ Գագիկ Սուրենյան

Ջերմաստիճանը դեռ նվազելու է․ Գագիկ Սուրենյան

Հայաստանում այս օրերին ամենաշատ հնչող հարցերից են՝ այս տարի ե՞րբ կտեսնենք գարուն, այս տեղումնաբեր ցիկլոնի ազդեցությունը ե՞րբ կթուլանա և ե՞րբ է սպասվում օդի ջերմաստիճանի բարձրացում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նման հարցեր շատ է ստանում, սակայն չի շտապում ժամկետներ նշել: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա տեղեկացրել է, որ Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը:

«Մարտի 15-ին հանրապետության ողջ տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է: Ժամանակ առ ժամանակ հանրապետությունում, նույնիսկ հովտային գոտիներում, կտեղա ձյուն, լեռնային գոտիներում սպասվում է նաև բուք։ Մարտի 16-ին ցիկլոնը տեղաշարժվում է դեպի հարավ-արևելք, տեղումները հյուսիսային և կենտրոնական շրջաններում կդադարեն, իսկ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում կշարունակի տեղալ ձյուն։ Մարտի 17-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, քանի որ գտնվելու ենք անտիցիկլոնի ազդեցության գոտում։ Մարտի 18-ին կեսօրից հետո Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, ինչի արդյունքում տեղումները վերսկսվելու են։ Ինչ վերաբերվում է օդի ջերմաստիճանին, ապա պետք է ասեմ, որ եղանակի տաքացում առաջիկա 5 օրերին ակնկալել պետք չէ, ջերմաստիճանը դեռ նվազելու է, մարտի 16-17-ին գիշերները կցրտեն ևս 4-6 աստիճանով», - ասել է Գագիկ Սուրենյանը։ Նա նկատել է, որ 2021թ մարտը նույնպես աչքի էր ընկել առատ տեղումներով և ջերմաստիճանի վայրիվերումներով, սակայն այս տարի ջերմաստիճանի անկման ընթացքը և ձյան առատ տեղումները բավականին տևական են։


Ինչի՞ մասին են խոսում այս ձյունառատ տեղումները, ի՞նչ նշանակություն ունեն գյուղատնտեսական տեսանկյունից: Գագիկ Սուրենյանի խոսքով, այս տարվա ձմեռը շրջանների մեծ մասում առանձնացավ սակավ տեղումներով, սակայն, այս պահին բնությունը փոխհատուցում է։

Ինչպես շատերը, Գագիկ Սուրենյանը նույնպես սպասում է գարնանը, քանի որ այն իր ամենասիրելի եղանակն է: «Ես սիրում եմ գարունը, քանի որ գարունը համարում եմ կյանքի վերսկսում։ Գարնան առաջին ամպրոպն իմ տարերքն է, անչափ սիրում եմ», - ասել է Գագիկ Սուրենյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ