ՌԴ զինված ուժերի կողմից իրականացված հատուկ ռազմական գործողությունը կանխել և խափանել է ուկրաինական լայնածավալ հարձակումը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների դեմ 2022 թվականի մարտին։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, լրագրողներին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Փետրվարի 24-ից ՌԴ զինված ուժերի իրականացրած հատուկ ռազմական գործողությունը կանխել և խափանել է այս տարվա մարտին ուկրաինական զորքերի հարվածային խմբերի լայնածավալ հարձակումը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների վրա, որոնք չեն վերահսկվում Կիևի կողմից»,- ասել է Կոնաշենկովը։
Կոնաշենկովի խոսքով՝ դեռ հայտնի չէ, թե ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն որքան խորն են ներգրավված եղել ուկրաինական բանակի կողմից Դոնբասը գրոհելու գործողության ծրագրման ու նախապատրաստման մեջ։
«Այսպիսով, առայժմ անորոշ է մնում միայն մեկ հարց. որքան խորն են ներգրավված եղել ԱՄՆ ղեկավարությունը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները մարտի սկզբին ուկրաինական զորքերի միջսպասարկման խմբավորման կողմից Դոնբասը գրոհելու գործողության պլանավորման և նախապատրաստման մեջ», - ասել է նա։
Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատարի 2022 թվականի հունվարի 22-ի գաղտնի հրամանը՝ այս տարվա մարտին Դոնբասի դեմ հարձակման վերաբերյալ։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակում է Ուկրաինայի Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-գնդապետ Նիկոլայ Բալանի 2022 թվականի հունվարի 22-ի գաղտնի հրամանի բնօրինակը... Փաստաթուղթը հասցեագրված է Ուկրաինայի ազգային գվարդիայի հյուսիսային Կիևի, հարավային Օդեսայի և արևմտյան տարածքային վարչությունների ղեկավարներին»,- ասել է Կոնաշենկովը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը