04 03 2022

Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 38 հայ գերիների. Արարատ Միրզոյան

Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 38 հայ գերիների. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Ջեյմս Քլեվերլիի հետ հեռախոսազրույցի ժամանակ շեշտել է, որ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 38 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, իսկ հարյուրավոր անհայտ կորածների, այդ թվում՝ տասնյակ բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չբացահայտված: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ 

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերիին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմի, ինչպես նաև՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը:

ԱԳՆ-ից նշում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել բրիտանական կողմի նախաձեռնությամբ։

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ջեյմս Քլևերլիին պետնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակին՝ նշելով, որ անցած ժամանակաշրջանում մեծ աշխատանք է կատարվել երկկողմ հարաբերությունների կայացման ուղղությամբ: Կողմերն ընդգծել են ընդհանուր արժեքների և փոխվստահության վրա հիմնված համագործակցությունն ամրապնդելու և ընդլայնելու պատրաստակամությունը։

Ընդգծվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացի նշանակությունը՝ այս համատեքստում կարևորելով նաև Միացյալ Թագավորության կողմից ցուցաբերված աջակցությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ